Կարո՞ղ է արդյոք Հայաստանը մեղմել Թուրքիայի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմին․ զրույց Էմիլ Սանամյանի հետ

Էմիլ ՍանամյանըՀարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի Focus on Karabakh հարթակի խմբագիր և Հարավային Կովկասի մասնագետ Էմիլ Սանամյանը պատասխանել է ՍիվիլՆեթի Կարեն Հարությունյանի հարցերին՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի և հնարավոր զարգացումների մասին:

Այսօր արդեն Լեռնային Ղարաբաղում պատերազմի 25-րդ օրն է, որը փոխել է ստատուս քվոն՝ 1994-ից ի վեր ստեղծված իրավիճակը։ Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Ադրբեջանը ձախողել է բլիցկրիգը, մինչդեռ շատերը մատնանշում են Ադրբեջանի որոշակի հաջողությունները հյուսիսում և հատկապես հարավում։ Ինչպե՞ս կգնահատեք ընդհանուր իրավիճակը։

Ինչպես երևում է, ընդհանուր պատկերը նպաստավոր չէ հայերի համար։ Թուրքական ուղղակի միջամտությունն իր ռազմաօդային ուժերի և մոտ 2000 վարձկանների միջոցով ուժերի հավասարակշռությունը փոխել է հօգուտ Ադրբեջանի, և հայկական կողմը ծանր կորուստներ է կրել: Հայաստանը չկարողացավ ռուսական բավարար ռազմական աջակցություն ներգրավել թուրքական այդ դերը զսպելու համար և ստիպված է ապավինել հիմնականում ներքին ռեսուրսներին՝ պահեստազորայիններին և կամավորներին։ Չնայած ադրբեջանցիների կորուստները նույնպես ծանր են, նրանց հաջողվեց պահպանել նախաձեռնությունը և շարունակել հարձակումը երկու ուղղությամբ՝ հյուսիսային (Մարտակերտ) և հարավային (Հադրութ)։ Եթե ռազմաճակատի հյուսիսային գիծը, ընդհանուր առմամբ, պահվել է, ապա հարավայինը՝ ոչ, և վերջին երկու շաբաթվա ընթացքում մենք տեսել ենք ադրբեջանական զորքերի և նրանց դաշնակիցների առաջխաղացումը Մեղրիի և Կապանի՝ բուն Հայաստանի, և Բերձորի (Լաչինի) ճանապարհի ուղղությամբ։

Ադրբեջանը այս պահին կարծես թե պատրաստ չէ ընդունել Լավրովի պլանը, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ տարածքներից հինգի վերադարձը, ապա՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումից և Հայաստանի հետ ցամաքային կապի ապահովումից հետո, մյուս երկու տարածքների վերադարձը: Ըստ որոշ տվյալների՝ Ադրբեջանը բարձրացրել է նշաձողը և այժմ պահանջում է նաև Շուշի քաղաքը։ Բացի այդ, Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ երբեք չի ընդունի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն։ Մյուս կողմից, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հրապարակավ հրաժարվեց հոկտեմբերի 14-ին ՌԴ արտգործնախարար Լավրովի հնչեցրած պլանից և կոչ արեց հայրենակիցներին շարունակել պայքարը Արցախի ժողովրդի իրավունքների համար: Սակայն մի քանի օրից, ըստ որոշ հաղորդումների, Հայաստանը համաձայնել է բանակցություններ սկսել Լավրովի պլանի շուրջ։ Որո՞նք են կողմերի դիրքորոշումներն ու ակնկալիքները: Ե՞րբ և ո՞ր պահից կարող են սկսվել բանակցությունները:

Դիրքորոշումերն ու ակնկալիքները փոխվում են տեղում իրավիճակի զարգացմանը զուգընթաց։ Եթե Ադրբեջանին հաջողվի պահպանել վերահսկողությունը Ղարաբաղի հարավային շրջանների մեծամասնության նկատմամբ, ապա, բնականաբար, դա ի չիք կդարձնի Լավրովի պլանի մեծ մասը, որը նախատեսում էր Հայաստանի կողմից այդ շրջանների հանձնումը որպես առանցքային փոխզիջում։ Միայն տեղում իրավիճակի հավասարակշռության վերականգնման միջոցով կարելի է ակնկալել որևէ նոր հրադադար և բանակցություններ։ Հակառակ դեպքում, Ալիևը շարունակելու է պնդել իր նախաձեռնության վրա, ինչպես դա արել է Էլչիբեյը 1992-93 թվականներին, երբ վերջին անգամ ադրբեջանական կողմը Հայաստանի կողմից վերահսկվող տարածքում ռազմական առաջխաղացման նման ծավալ ուներ։

Ռուսաստանի միջնորդությամբ մարդասիրական հրադադարը երկու անգամ ձախողվեց։ Ինչո՞ւ հնարավոր չեղավ դադարեցնել մարտական գործողությունները։ Ռուսաստանը ինչպե՞ս կամ արդյոք կարո՞ղ է օգտագործել իր լծակները ռազմական գործողությունները դադարեցնելու համար։

Մեծ հաշվով դա կապված է ռազմաճակատի հարավային գծի ճեղքման և Ղարաբաղի հարավում հնարավորինս շատ անպաշտպան տարածք գրավելու Ալիևի ջանքերի հետ: Իհարկե, այդ ամենն անհնար կլիներ առանց Էրդողանի աջակցության։ Ռուսաստանը կարող էր ռազմական գործողությունները կանգնեցնել ավելի անմիջական ռազմական միջամտության ճանապարհով, որն ուղիղ ազդանշան կլիներ Ալիևին ու Էրդողանին։

Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ միջնորդության հնարավորությունները՝ հաշվի առնելով, որ Մոսկվայի փորձերը ձախողվել են։

Ես լավատես չեմ ԱՄՆ-ի ներգրավվածության հարցում՝ հաշվի առնելով տարածաշրջանից հեռանալու նրանց ընդհանուր պատմությունը, ինչպես նաև վարչակազմի հատուկ ուշադրությունը առաջիկա ընտրություններին: Լավագույն բանը, որ կարող է անել ԱՄՆ-ը, առաջարկել որոշակի մարդասիրական աջակցություն Հայաստանին ու ֆինանսական պատժամիջոցներ սահմանել Ալիևի ու Էրդողանի նկատմամբ պատերազմական հանցագործությունների համար։ Սակայն ինձ համար պարզ չէ, թե արդյոք սրանցից որևէ մեկը կկատարվի։

Ինչպե՞ս կարող է զարգանալ այս պատերազմը: Ի՞նչ հետևանքներ կարող է այն ունենալ խաղաղ կարգավորման գործընթացի վրա:

Հեշտ չէ նման բաներ կանխագուշակելը, բայց արդեն վաղուց ակնհայտ է, որ Հայաստանի ռազմական հնարավորությունները զգալիորեն նվազ են, երբ մարտական գործողություններին մասնակցում է անմիջապես Թուրքիան։ Այդ երկրները պարզապես տարբեր քաշային կարգերում են։ Ես այլ դերակատար չեմ տեսնում, բացի պուտինյան Ռուսաստանից, որը կարող է արդյունավետ հակակշռել այդ գործոնը։ Եթե Հայաստանն ու Ռուսաստանը չկարողանան համաձայնության գալ այս հարցի շուրջ, դա Հայաստանի համար կդառնա մութ տարածք և կարող է հանգեցնել հայերի համար ամենածանր ճգնաժամին հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանությունից ի վեր։

Ինձ համար պարզ է, որ անգամ Ռուսաստանի մասնակցության դեպքում Թուրքիան նույնպես կմնա ներգրավված, և նրա մասնակցությունը պետք է դիտարկվի ապագա ցանկացած խաղաղ բանակցություններում։ Իրականում, եթե Հայաստանը կարող է մեղմել թուրքական մասնակցության աստիճանը Թուրքիայի դիվանագիտական դերի ֆորմալ ընդունման ճանապարհով, ինչպես այդ մասին հայտարարում են թուրք պաշտոնյաները, ապա այդ հնարավորությունը չպետք է անտեսվի։

Read the interview in English

Մեկնաբանել