Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի իր գործընկերոջ հետ

Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար, դաշնային խորհրդական Իգնազիո Կասսիսի հետ․ այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ պաշտոնական կայքից։

Զրուցակիցներն անդրադարձել են Արցախում ընթացող լայնամասշտաբ պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում ԱԳ նախարարը դաշնային խորհրդականի ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական ագրեսիայի ողջ ընթացքում արձանագրված միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումների ու պատերազմական հանցագործությունների փաստերին, որոնք միանշանակ կերպով վկայում են, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերջնանպատակն է բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին։

Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանն արժևորում է դաշնային դեպարտամենտի կշռադատված հայտարարությունը, որում նաև խստագույնս դատապարտվել են ռազմական գործողությունների ընթացքում միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները: ՀՀ ԱԳՆ ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Արցախի ժողովրդի դեմ իրականացվող հանցավոր ոտնձգությունների համար Ադրբեջանը պետք է ենթարկվի համապատասխան միջազգային պատասխանատվության:

Հայաստանի արտգործնախարարն անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ հոկտեմբերի 10-ին և 17-ին ընդունված հայտարարություններին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը իր ստանձնած պայմանավորվածությունների կյանքի կոչմանը:

Իգնազիո Կասսիսը վերահաստատել է Շվեյցարիայի աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը։ Երկուստեք ընդգծվել է ռազմական գործողությունների անմիջապես դադարեցման անհրաժեշտությունը:

Մեկնաբանել