Սեպտեմբերի 27-ից մինչ օրս մահացել է առնվազն 37 քաղաքացիական անձ, վիրավորվել՝ 118-ը․ Արցախի ՄԻՊ

Սեպտեմբերի 27-ից մինչ օրս մահացել է առնվազն 37 քաղաքացիական անձ, առնվազն 118 քաղաքացիական անձ վիրավորվել է. այս մասին այսօր Ստեփանակերտում հրավիրված ասուլիսին հայտնեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Վիրավորումներից մեկը հենց գիշերն է արձանագրվել Ավետարանոց գյուղում՝ ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով։ Մեր նախնական վերլուծությամբ 10 500-ին մոտ մասնավոր սեփականություն՝ բնակարան, տուն, խանութ և այլն, վնասվել է կամ ամբողջությամբ ոչնչացվել, 1 500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր է վնասվել կամ ոչնչացվել, նաև հանրային ու արտադրական օբյեկտներ, և 1 100-ից ավելի շարժական գույք է վնասվել»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը:

Բեգլարյանը նշեց, որ թվերը մոտավոր են։

«Հաշվի առնելով Հադրութի դեպքը՝ երկու քաղաքացիական անձանց սպանությունը, ռիսկը մեծ է, որ կարող են այլ դեպքեր էլ լինել, քանի որ մեր տեղեկություններով՝ անհայտ կորած քաղաքացիական անձինք կան»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ի խոսքով քաղաքացիական բնակչության շրջանում կան անհայտ կորած անձինք։