Ֆրանսիան հետ է կանչում Անկարայում իր դեսպանին․ պատճառը Թուրքիայի նախագահի պահվածքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը իրեն թույլ է տվել անհարկի արտահայտություններ ֆրանսիացի գործընկերոջ՝ Էմանուել Մակրոնի հանդեպ և պետք է փոխի իր վտանգավոր քաղաքական ուղղվածությունը։ Այս մասին հոկտեմբերի 24-ին հայտնել են Ելիսեյան պալատից՝ ի պատասխան Ֆրանսիայում ծայրահեղական իսլամիզմի դեմ պայքարի վերաբերյալ Էրդողանի սուր արձագանքին։ Այդ պատճառաբանությամբ Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչում Անկարայում իր դեսպանին։

«Նախագահ Էրդողանի մեկնաբանություններն անընդունելի են։ Ավելորդությունն ու կոպտությունը մեթոդ չէ։ Մենք Էրդողանին կոչ ենք անում փոխել քաղաքական ուղղվածությունը, քանի որ այն բոլոր դեպքերում վտանգավոր է», – հղում անելով France-Presse-ին՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Մինչ այդ Էրդողանը հայտարարել էր, թե Մակրոնը «հոգեկան խանգարումների բուժման» կարիք ունի։ Նրան դուր չէր եկել Մակրոնի առաջ քաշած «լուսավորյալ իսլամ»-ի գաղափարը։ Ֆրանսիայի նախագահը մասնավորապես առաջարկել էր իսլամն ազատել օտարերկրյա ազդեցությունից և ուժեղացնել մզկիթների ֆինանսական վերահսկողությունը։

Մեկնաբանել