Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց ընթացող մարտերը՝ քարտեզագրված

Հոկտեմբերի 24-ի առավոտից արցախա-ադրբեջանական շփման գծում մարտերը շարունակվել են։ Հյուսիսային հատվածում կեսօրից հետո հուժկու հրետանային մենամարտ է ընթացել։ Միասնական տեղեկատվական կենտրոնում այդ մասին հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 

«Կենտրոնականից հարավ ընկած հատվածում անտառների ու բնակավայրերի տարածքում չեզոքացվել է մեկ դիվերսիոն խումբ, բայց ներկայում էլ դեռ դիվերսիոն խմբերի դեմ մարտերը շարունակվում են»,- հայտարարեց Հովհաննիսյանը։ Հարավային հատվածում հակառակորդի հարձակողական գործողությունները կանխվել են, որոշ հատվածներում եղել է նահանջ, խոցվել է զրահատեխնիկա և ավտոոմոբիլային միջոցներ։ 

Հովհաննիսյանն ինչպես և խոստացել էր՝ քարտեզագրված ներկայացրեց, թե Արցախի որ հատվածն է դեռևս վերահսկվում Ադրբեջանի ԶՈՒ կողմից, որ հատվածում են մարտեր և որտեղ՝ նահանջ։ Ըստ այդմ՝ մարտեր են Հադրութի շրջանի մի շարք բնակավայրերում, իսկ ավելի հարավ՝ Լաչինի միջանցքի շրջակայքում ու դրանից ներքև՝ Զանգելանի, Իշխանաձորի և այլ բնակավայրերի ուղղությամբ։