Կորոնավիրուսի թեստը կեղծել են՝ զինվորական ծառայությունը դադարեցնելու նպատակով․ ԱԱԾ

ԱԱԾ-ն հայտնում է, որ ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ զորահավաքային զինծառայող Ա. Ս.-ի հայրը` Ն.Ս.-ն, համոզելու կամ այլ եղանակով դրդել է բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչին և նույն լաբորատորիայի լաբորանտին, որպեսզի վերջիններս ներկայացնեն, թե իբր զինծառայողը վարակվել է կորոնավիրուսով։

Իրավապահները պարզել են, որ 2020 թվականի հոկտեմբերի 22-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմել են բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր առ այն, որ իրականացրել են նմուշառում, մինչդեռ՝ վերջինից փաստացի որևէ նմուշ չի ստացվել, իսկ լաբորատոր հետազոտության համար համապատասխան փորձաքննության են ուղարկել փաստացի «covid-19» հիվանդություն ունեցող այլ անձի նմուշ, որի արդյունքում 2020 թվականի հոկտեմբերի 23-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմվել և շրջանառության մեջ է դրվել բովանդակությամբ կեղծ եզրակացություն առ այն, որ վերջինիս մոտ իբր հայտնաբերվել է «covid-19» հիվանդություն

Ըստ աղբյուրի՝ այս հանգամանքը հնարավորություն է տվել զորահավաքային զինծառայողին ռազմական դրության պայմաններում ապօրինի ժամանակավորապես դադարեցնելու զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ նույն բժշկական կենտրոնի ծառայողների կողմից նույնաբնույթ այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեկնաբանել