Բաքուն Ղարաբաղի հարցում «մինչև վերջ կգնա»․ Ալիև 

Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված վիճակում ձեռնտու էր բոլորին, բացի Բաքվից․ հոկտեմբերի 26-ին Ադրբեջանի ժողովրդին հղած ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է «Ռիա Նովոստին»։

«Երևանը ցանկանում էր նման արդյունք, որպեսզի բանակցությունները հավերժ լինեին, որպեսզի մեզ մշտապես խաբեին, որպեսզի այս խնդիրը սառեցված լիներ, ընդմիշտ մնար, և մեր տարածքները մշտապես լինեին գրավված»,- ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ Արցախում ստեղծվել է «նոր իրականություն», որի հետ պետք է հաշվի նստի պաշտոնական Երևանը։

Ալիևը հայտարարել է, որ Բաքուն Ղարաբաղի հարցում «մինչև վերջ կգնա», իսկ Հայաստանը, ըստ նրա, պետք է դուրս բերի զորքերը Արցախից, սակայն դրան միտված որևէ ժամանակացույց չի ներկայացնում։

«Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ բողոքելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից։ 

«Ի՞նչ գործունեություն է ծավալում այդ Մինսկի խումբը։ Ցանկանո՞ւմ են նրանք ճնշում գործադրել հայկական կողմի վրա։ Ոչ։ Ես այս հարցը մեկ անգամ չէ, որ բարձրացնում եմ. եթե դուք ցանկանում եք խնդիրը լուծել, հարկավոր է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Ըստ Ալիևի՝ Բաքուն կօգտագործի թուրքական F-16 կործանիչները՝ Ադրբեջանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում։ Նրա փոխանցմամբ՝ Թուրքիայի հետ զորավարժություններից հետո Ադրբեջանում են մնացել այդ կործանիչները, որոնք երկինք չեն բարձրացել։ 

Հայկական կողմը հակառակն էր պնդում, որ դրանք մասնակցել են Արցախում պատերազմին, ավելին սեպտեմբերի 29-ին հաղորդվեց, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը Հայաստանի օդային տարածքում խոցել է ՀՀ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը։