Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չպետք է լինի մրցակցության դաշտ․ Պեսկով

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է չլինի մրցակցության դաշտ։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսպես է մեկնաբանել Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարարությունը, հայտնում է Ռիա Նովոստի գործակալությունը։

«Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործընթացը, որը սուր փուլում է, պետք է չդառնա և չի կարող դառնալ ինչ-որ մրցակցության դաշտ»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերում այդպիսի պայմանավորվածություններին և արդյոք կարծում են, որ ԱՄՆ-ին հաջողվել է անել ավելին, քան Ռուսաստանը։

«Իհարկե, Ռուսաստանը՝ որպես համանախագահ [ԵԱՀԿ Մինսկի խմբի-ՍիվիլՆեթ], պատրաստ է ողջունել ցանկացած քայլ, որը կօգնի դադարեցնել պատերազմը»,- ասել է Պեսկովը։

Պեսկովը նաև հայտարարել է, որ Կրեմլում հետևում են շփման գծում իրավիճակին և ինչպես առաջ, կարծում են՝ խնդրի կարգավորումը կարող է ունենալ միայն խաղաղ բնույթ։

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08։00-ին, ուժի մեջ է մտել հումանիտար հրադադար՝ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։ Սա երրորդ հրադադարն է։ Նախորդ երկու հրադադարների պայմանավորվածությունները ձեռք էին բերվել հոկտեմբերի 9-ին և հոկտեմբերի 17-ին՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ։