Ադրբեջանի զինված ուժերը ահաբեկչական կազմակեպությունների և այլ երկրների հատուկջոկատայինների հետ միասին Արցախի հարավարևելյան հատվածում լայնամասշտաբ հարձակում են ձեռնարկել, միաժամանակ ռմբահարվել են Արցախի քաղաքներն ու գյուղերը։ Այսօր Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցին հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հարավարևելյան հատվածի որոշ վայրերում թվացյալ հաջողություն են ունեցել, մեր զինուժին հաջողվել է հակագրոհով վերականգնել առաջնագիծը»,- ասաց Հովհաննիսյանը։
Նրա տեղեկացմամբ՝ երեկ հակառակորդին հաջողվել է գրավել Կուբատլուն, հակառակորդը մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ։ «Հադրութից հյուսիս ընկած գյուղերի անտառներում շարունակվել են դիվերսիոն խմբերի հայտնաբերման ու ջախջխաման գործողությունները։ Որոշ խմբեր, թողնելով մեքենաներ, փախել են, բայց մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են, դրանք են՝ Շեխեր, Ջիվանի, Ազոխ»,- հայտարարեց Հովհաննիսյանը։
Նա կրկնեց՝ որոշ վայրերում հայկական զորքը նահանջում է, սակայն դա ճակատագրական չէ։