Հայաստանը պատրաստվում է 2021-ից արգելել թուրքական ապրանքների ներկրումը

Հայաստանի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 31-ից արգելել թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան։ Պատճառը Թուրքիայի կողմից Ադրբեջանի սատարումն է՝ Արցախում ագրեսիա կազմակերպելու հարցում։

«Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը»,-նշված է որոշման նախագծի հիմնավորումներում, որը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։ Սիվիլնեթն ուսումնասիրել է, թե որքան է կազմել Թուրքիայից ներմուծումը վերջին տարիներին, ինչ ապրանքներ են ներմուծվում և որքան է կազմում Թուրքիայից ներմուծումը ամբողջ ներմուծման ծավալներում։

Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա 8 ամիսներին Թուրքիայից ներմուծվել է թուրքական ծագման 139 միլիոն դոլարի ապրանք։ Սա մոտ 23 միլիոն դոլարով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ներմուծման ծավալից։Վերջին 10 տարիներին Թուրքիայից կատարված ներմուծումները որոշ թուլացումներով հանդերձ աճել են։ Ըստ ԱՎԿ-ի՝ եթե 2009-ին այդ ծավալը կազմում էր 177 միլիոն դոլար, ապա 2019-ին այս թիվը հասել է 268 միլիոնի։ Նկատենք, որ Թուրքիայից ներմուծման ամենաանկումային թիվը վերջին 10 տարիներին կազմել է 136 միլիոն դոլար և գրանցվել է 2015 թվականին (այդ տարի նշվում էր հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը):

2019-ի տվյալներով մեր ընդհանուր ներմուծումների չափաբաժնում Թուրքիայից ներկրումները կազմում են 5 տոկոս։ Հիմնականում ներմուծում ենք հագուստ, ցիտրուսային մրգեր, մեխանիկական սարքավորումներն ու մեքենաներ, շինանյութ, նավթամքերթ Հիմնականում փոխադրում իրականացվում է օդային տարածքով և ցամաքայինով՝ Վրաստանի տարածքով, բացի այդ, Հայաստանն օդային ուղևորափոխադրումները ևս մեծ մասամբ կատարում է Թուրքիայի օդային տարածքով։

Ինչ վերաբերում է Հայաստանից Թուրքիա արտահանումներին, հարկ է նշել, որ դրանք չնչին ծավալի են։ Օրինակ 2019-ին այն կազմել է 2.2 միլիոն դոլար և Հայաստանի համար Թուրքիան արտահանման համար էական դեր չունի։

Մեկնաբանել