Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ, կարևորել հրադադարը

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հեռախոսազրույցների ընթացքում կողմերին կոչ է արել կատարել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ իրենց պարտավորությունները: Այս մասին ասված Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

«ԱՄՆ պետքարտուղարը պնդել է, որ կողմերը պետք է կատարեն կրակի դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական կարգավորման առաջխաղացման իրենց պարտավորությունները»,- նշվում է տեքստում:  

Պոմպեոն ընդգծել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջական կատարման կարևորությունը, որոնք հաստատվել են հոկտեմբերի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությամբ:

Հոկտեմբերի 25-ի երեկոյան Ադրբեջանն ու Հայաստանը ԱՄՆ միջնորդությամբ համաձայնեցրել էին մարդասիրական հրադադարի նոր ռեժիմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, որն ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ի առավոտյան: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք էր հայտնել, որ Վաշինգտոնի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը պահպանվում է:

Սեպտեմբերի 27-ին Ղարաբաղյան հակամարտության գոտում սկսված պատերազմի ընթացքում սա արդեն երրորդ հրադադարն է, որը չի պահպանվում Ադրբեջանի կողմից։