Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ՝ գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։

«Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Սա առաջին հերթին մեր բանակի հերոսական պայքարի գնահատականն է. այն պայքարի, որ, պատերազմի առաջին իսկ օրից սկսած, մղում են թե՛ հրամկազմը, թե՛ բոլոր ստորաբաժանումները` ցուցաբերելով աշխարհի ամենաբարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը: Ջալալ Հարությունյանը մեր հերոսն է, և նրա օրինակով մենք պետք է սերունդներ դաստիարակենք:
Շնորհակալություն, պարոն գեներալ:
Պատի՛վ ունեմ»,- գրել է Արայիկ Հարությունյանը։

Արցախի նախագահը նաև հայտնել է, որ Ջալալ Հարությունյանի առողջությունը շուտով կվերականգնվի: Նա ապաքինման փուլում է և շուտով կմիանա ծառայակից ընկերներին:

«Համոզված եմ` հրամանատարի հարուստ փորձն ու գիտելիքները դեռ երկար են ծառայելու մեր Հայրենիքին»,- գրել է Հարությունյանը:

***

Հոկտեմբերի 27-ին Ջալալ Հարությունյանը ազատվել է ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, քանի որ վիրավորում էր ստացել։

Գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ ստանալով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։

Մեկնաբանել