Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի մայրաքաղաքում բանակցելու պատրաստակամության մասին, բայց կասկածում է, որ Երևանը կարող է կառուցողական աշխատանք տանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։
«Ես նման հրավեր (Մոսկվայում բանակցությունների համար) չեմ ստացել։ Ես բազմիցս մասնակցել եմ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումներին, բայց այն բանից հետո, երբ Հայաստանում իշխանության եկավ Փաշինյանը, նման հանդիպումներ չեն եղել։ Այդ հանդիպումները եղել են Հայաստանի նախորդ նախագահների հետ, և ես երբեք այդ հանդիպումներից չեմ խուսափել»,- ասել Է Ալիևը Ինտերֆաքսին տված հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ այդ հանդիպումները դրական է համարել, քանի որ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ, առանձնահատուկ դեր է խաղում հակամարտության կարգավորման գործում:
«Ռուսաստանը միշտ սերտ կապեր է ունեցել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, և այսօր քաղաքական, տնտեսական փոխգործակցության առումով Ռուսաստանը շատ ակտիվ համագործակցում է Ադրբեջանի և Հայաստանի հետ, մեր հարևանն է։ Այդ պատճառով, իհարկե, ամենից շատ նման հանդիպումներ են անցկացվել Ռուսաստանի տարածքում, բայց Փաշինյանի օրոք նման հանդիպումներ չեն եղել։ Ես չգիտեմ, թե որքանով են դրանք արդյունավետ լինելու հիմա․.. Բայց եթե նման առաջարկ լինի, մենք միշտ այն դրական ենք դիտարկել և կդիտարկենք», – ասել է նա։
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվա գնալ Հայաստանի վարչապետի հետ բանակցությունների, «ընդ որում, ինչպես դուք եք ասում [նկատի է ունեցել լրագրողի ձևակերպումը – խմբ․], առանց նախապայմանների»:
ԼՐԱՑՈՒՄ
Կորուստների մասին
Ալիևն ասել է, որ իրենց տվյալներով, սեպտեմբերի 27-ից ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմում են մոտ 5 հազար մարդ: [Հայկական կողմը հերքել է Ալիևի այս պնդումը։ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է․ «Ադրբեջանական տեղեկությունները մեր կորուստների մասին կեղծ են։ Հետևեք միայն մեր պաշտոնական տեղեկություններին»]։
«Ինչ վերաբերում է մեր կորուստներին, ես ասել եմ, որ մենք դրանք կհրապարակենք մարտական գործողությունների ավարտից հետո։ Բայց պետք է ասեմ, որ դրանք զգալիորեն ավելի քիչ են, քան հայկական կողմինը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
«Հաշվի առնելով ռազմական բախումների բնույթը, բարդ ռելիեֆը և ամրությունները, որոնք հայերը կառուցել են 30 տարի, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդկային կյանք անգին է, բայց հաշվի առնելով այդ բոլոր գործոնները, մեր կորուստները նվազագույն են»,- ասել Է Ալիեւը:
Տարածաշրջանային պատերազմի հավանականության մասին
Ալիևը չի բացառում, որ Ղարաբաղում կարող է տարածաշրջանային պատերազմ ծագել՝ խոշոր տերությունների ներգրավմամբ։
«Ես, ճիշտն ասած, չեմ կարող այն ամբողջությամբ բացառել, բայց պետք է ասեմ, որ մեր կողմից ոչ մի գործողություն չի լինի, որը կարող է հանգեցնել դրան, ոչ մի սադրանք չի լինի, որը կմիջազգայնացնի այդ հակամարտությունը»,– ասել է նա:
Նիկոլ Փաշինյանի մասին
Խոսելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին՝ Իլհամ Ալիևն ասել է․
«Մեկ նա խոսում է ցավոտ զիջումների մասին, մեկ ասում է, որ դիվանագիտական լուծում չկա, հետո ասում է, որ պատրաստ է փոխզիջման, հետո ասում է, որ մինչև վերջ պաշտպանելու է Ղարաբաղը, ապա ասում է, որ Ղարաբաղը Հայաստան է, հետո ասում էր, որ մենք [Ադրբեջանը] պետք է բանակցենք Լեռնային Ղարաբաղի հետ։ Այսինքն՝ ոչ ադեկվատության լրիվ իրարամերժ ներկապնակ։ Այնպես որ, կարծում եմ, որ վաղը Ժնևում այդ հարցերից շատերը կհստակեցվեն»։
Տարածքների վերադարձի մասին
«Ներկայում հրատապ չէ քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ հինգ շրջանների վերադարձն Ադրբեջանին։ Առաջին փուլը Մենք գրեթե ավարտել ենք, և այդ պատճառով, եթե այժմ հայկական կողմը հավատարիմ մնա հիմնարար սկզբունքներին, մենք արդեն անմիջապես կխոսենք Լաչինի և Քելբաջարի շրջանների և Աղդամի շրջանի մի մասը ադրբեջանական վերահսկողությանը հանձնելու մասին, որոնք գտնվում են օկուպացիայի տակ: Այսպիսով, մենք որոշ չափով կհեշտացնենք միջնորդների խնդիրները, քանի որ կարևոր կետերից մեկն արդեն կիրագործվի, և մենք չպետք է սպասենք ինչ-որ երկրորդ փուլի, այն անմիջապես պետք է վրա հասնի։ Եթե մենք պայմանավորվենք քաղաքական կարգավորման մասին, ապա անմիջապես հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Քելբաջարի և Լաչինի շրջաններից և Աղդամի շրջանի մի մասից»,- ասել է Իլհամ Ալիևը։