Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները կարևորել են ռազմական գործողությունների դադարեցման քաղաքական կամքի դրսևորումը

Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան Իվ Լե Դրիանը քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում և լուրջ մտահոգություն են հայտնել չդադարող մարտական գործողությունների կապակցությամբ, ասված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

«Զրույցի ընթացքում նախարարները հանգամանալից քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը, լուրջ մտահոգություն հայտնել չդադարող լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ և հակամարտող կողմերին կոչ են արել շուտափույթ և լիակատար հրադադարի և լարվածության թուլացման»,- նշվում է հաղորդագրությունում:

Կողմերն ընդգծել են հակամարտության դիվանագիտական լուծման այլընտրանքի բացակայությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը: Բացի այդ, դիտարկվել են իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները։

«Լավրովը և Լե Դրիանը հատուկ կարևորել են հակամարտող կողմերի կողմից ռազմական գործողությունների դադարեցման քաղաքական կամքի դրսևորումը»,- ասված է հաղորդագրությունում։