Հակառակորդը Բերձորի ուղղությամբ ոչ լայնամասշտաբ գործողություններ է ձեռնարկել, հաջողություն չի ունեցել․ Արծրուն Հովհաննիսյան 

Հոկտեմբերի 28-ին, ողջ օրը Ադրբեջանի զինուժը ահաբեկչական խմբավորումների հետ շարունակել է հարձակողական գործողությունները ինչպես ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, այնպես էլ Արցախի հարավային ու հյուսիսային ուղղություններով․ Միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսին այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Որոշ հատվածներում հաջողվել է դիրքային բարելավում ունենալ»,- շեշտեց Հովհաննիսյանն ու ավելացրեց, որ հակառակորդը Բերձորի ուղղությամբ ոչ լայնամասշտաբ գործողություններ է ձեռնարկել, որոնք հաջողություն չեն ունեցել։ Ըստ նրա՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած որոշ հատվածների վերահսկողությունը հանձնվել է ահաբեկչական խմբավորումներին։ Ինչ վերաբերում է ընդհանուր ռազմական գործողությունների բնույթին, Հովհաննիսյանը շեշտեց.

«Մարտական գործողությունները չունեն նույն խտությունն ու դինամիկան, ինչ նախկին օրերին։ Օջախային, շարունակական մարտեր են։ Հարձակողական բռունցքի թափը կոտրելը մեր կողմից իրականացվել է, այժմ մարտերը դանդաղ, օջախային ու սողացող բնույթ ունեն»։

Ինչ վերաբերում է դիվերսիաներին ու դրանց չեզոքացման աշխատանքներին, Հովհաննիսյանը նշեց, որ լեռնաանտառային հատվածներում դիվերսիաների չեզոքացումը հեշտ չէ։

Մեկնաբանել