Հակառակորդը հարվածներ է հասցրել Ստեփանակերտին, Շուշիին

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել, հաղորդում է Արցախի ՊԲ-ն։

«Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը:

Քիչ առաջ ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն:

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով վերահսկողության տակ»,- ասվում է հաղորդագրությունում:

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն էլ Ֆեյսբուքում գրել է․

«Ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են։ Պաշտպանության բանակը, հատկապես, թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում։ Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ»։

Մեկնաբանել