Հայաստանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Ղարաբաղում

Հոկտեմբերի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հեռախոսազրույցի ընթացքում շոշափվող գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարների պայմանավորվածությունների ձեռքբերմանը հաջորդած զարգացումների ամփոփումն էր: Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը հայտնել է, որ Ադրբեջանը, միակողմանի կերպով հրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների անմիջական միջնորդությամբ ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ երեք պայմանավորվածություններից, շարունակում է Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծումն ու հրթիռակոծումն արգելված զինատեսակների կիրառմամբ:

Զոհրաբ Մնացականյանն արձանագրել է, որ Ադրբեջանն իր նմանօրինակ դիրքորոշմամբ և կեցվածքով փորձում է զրոյացնել կայուն հրադադարի հաստատման ուղղությամբ համանախագահ երկրների ջանքերը, ինչը անվերապահ խրախուսման է արժանանում Թուրքիայի կողմից:

Երկուստեք ընդգծվել է կրակի անհապաղ դադարեցման մասին ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատման անհրաժեշտությունը: ԱԳ նախարարները նաև մտքեր են փոխանակել Ժնևում հանդիպում անցկացնելու պայմանավորվածության շուրջ:

Մեկնաբանել