Երբ Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին․ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ՌԻԱ-ին

«ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցները զուգահեռ գրավոր հարցազրույցներ են վերցրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներից, նրանց նմանատիպ հարցեր տվել: Զոհրաբ Մնացականյանի հետ հարցազրույցը թարգմանաբար՝ ստորև։

Հրադադարի ռեժիմի ստուգման մեխանիզմների մասին

– Վերջերս Մոսկվա կատարած Ձեր այցի ընթացքում Դուք հիշատակեցիք Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ստուգման մեխանիզմների ստեղծման վերաբերյալ «բավական բովանդակալից» խորհրդակցությունների մասին: Ի՞նչ կասեք այդ մասին: Ի՞նչ փուլում են այժմ այդ բանակցությունները։ Ե՞րբ այդ մեխանիզմները կարող են ստեղծվել։ Ի՞նչ խոչընդոտների են բախվում կողմերը։ Արդյոք Հայաստանը դիտարկո՞ւմ է մոտ ապագայում Մոսկվայում ստուգման մեխանիզմների վերաբերյալ ադրբեջանական կողմի հետ հանդիպում անցկացնելու հնարավորությունը: Ե՞րբ։

– Հոկտեմբերի 10-ին ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում համատեղ հայտարարություն ընդունեցին, որի կետերը ճանապարհային քարտեզ են։ Առաջին երեքը, որոնք վերաբերում են հրադադարին, դրա կոնկրետ չափորոշիչները համաձայնեցնելու անհրաժեշտությանը, զոհվածների մարմինների և ռազմագերիների փոխանակմանը, պետք է կատարվեն անհապաղ և առանց նախապայմանների:

Բանակցությունների գլխավոր խոչընդոտն այն էր, որ Ադրբեջանը պատրաստ չէ ստանձնել կայուն և ստուգվող զինադադարի պարտավորությունը։ Ադրբեջանը հրաժարվում է վավերացման մեխանիզմների ստեղծումից, նրա վաղեմի դիրքորոշումն այն է, որ խուսափի հրադադարի կայուն ռեժիմից և տեղ թողնի փոխադարձ մեղադրանքների համար:

Այժմ վերիֆիկացիոն մեխանիզմներով խորհրդակցություններ են ընթանում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև: Ադրբեջանն առայժմ հրաժարվում է կառուցողական կերպով մասնակցել հրադադարի ռեժիմի չափորոշիչների մշակմանը և շարունակում է լայնածավալ ռազմական գործողությունները։

ԼՂ հակամարտության գոտում ռուս դիտորդներ տեղակայելու մասին

— ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման վերահսկողության համար հարկավոր է ռուսական ռազմական դիտորդներ տեղակայել, սակայն վերջին խոսքը մնում է Երևանին և Բաքվին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը: Ձեր կարծիքով, դա կարո՞ղ էր արդյունավետ միջոց դառնալ։

– Հայաստանը մշտապես աջակցել է հրադադարի ռեժիմի մշտական մոնիթորինգի գաղափարին, որն առաջարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2016 թվականի ապրիլի էսկալացիայից հետո։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են ԵԱՀԿ-ում նախագահող երկրի հատուկ ներկայացուցչի մոնիթորինգային խմբի ընդլայնմանը և հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը: Սակայն հետո Ադրբեջանը հրաժարվեց կատարել այդ պայմանավորվածությունները։

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ո՛չ երեկ, ո՛չ այսօր Ադրբեջանը շահագրգռված չէ կայուն և ստուգվող զինադադարի հաստատմաբ։ Իսկ մեր տեսակետը չի փոխվել, և մենք աջակցում ենք դիտորդների տեղակայմանը։

Հայկական ուժերի դուրսբերման հնարավորության մասին

— Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարեց, որ Մոսկվայում բանակցությունների ավարտից հետո կողմերի արած հայտարարությունը ենթադրում է հայկական ուժերի դուրսբերում Լեռնային Ղարաբաղից։ Նա նաև ասաց, թե Բաքուն ակնկալում է, որ կներկայացվի հայկական զինուժի դուրսբերման ժամանակացույցը: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունը։ Պատրա՞ստ է արդյոք Երևանը Բաքվի հետ քննարկել ղարաբաղյան տարածաշրջանից հայկական զորքերի դուրսբերման ժամանակացույցը:

– Այս օրերին նախագահ Ալիևը բազմաթիվ ապակողմնորոշող և հակասական հայտարարություններ է արել, որոնք մեկնաբանությունների արժանի չեն։ Կա հոկտեմբերի 10-ի եռակողմ համատեղ հայտարարությունը, այն հաստատվել է հոկտեմբերի 10-ին և 25-ին: Որևէ այլ բանի շուրջ, ինչ չկա այդ տեքստում, կողմերը չեն պայմանավորվել։

Հայաստանը դիմելո՞ւ է արդյոք ՀԱՊԿ-ին

– Հոկտեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Հայաստանի տարածքում 14-ամյա տղա է վիրավորվել ադրբեջանական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Սակայն Ադրբեջանի ՊՆ-ն այդ մեղադրանքը հերքեց։ Արդյոք Հայաստանը դիմելո՞ւ է ՀԱՊԿ-ին այս միջադեպի կապակցությամբ կամ Հայաստանի տարածքում Ադրբեջանի հարձակման կրկնության դեպքում: Անհրաժեշտ համարո՞ւմ եք ՀԱՊԿ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը այս փուլում:

– Հայաստանը շարունակում է սերտ խորհրդակցությունները ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ ՀԱՊԿ-ի անդամ երկրների հետ և իր դաշնակիցներին տեղեկացնում Է տեղում իրավիճակի մասին:

Ղարաբաղ վարձկաններ ուղարկեու մասին

– Ըստ որոշ տվյալների ՝ սիրիացի գրոհայինների նոր խումբը պատրաստվում է Լեռնային Ղարաբաղ տեղափոխվել Թուրքիայի տարածքով։ Ընդ որում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկինի պես հերքում է նման պնդումները։ Դուք տեղեկություններ կամ վկայություններ ունե՞ք Սիրիայից Լեռնային Ղարաբաղ նոր զինյալներ ուղարկելու մասին:

– Կան անհերքելի փաստական ապացույցներ Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա ահաբեկիչ-գրոհայինների ներկայության և Թուրքիայի կողմից նրանց շարունակվող ուղարկման վերաբերյալ: Դա հաստատվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետախուզական տվյալներով և հակամարտության բուն գոտուց արված ռեպորտաժներով։

Իրանի միջնորդական դերի մասին

– Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին հաստատել է, որ Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Կարծում եք, որ Իրանը կարո՞ղ է օգտակար լինել որպես միջնորդ։ Արդյոք արդեն բանակցություններ ընթանում են այդ հարցի շուրջ Հայաստանի և Իրանի միջև:

– Իրանը շատ կարևոր երկիր է մեր տարածաշրջանում, և ի տարբերություն Թուրքիայի, նա պատասխանատու և կառուցողական դիրքորոշում ունի, երբ խոսքը տարածաշրջանային անվտանգության և խաղաղության մասին է: Միևնույն ժամանակ, Մինսկի խմբի համանախագահները միջնորդության և բանակցությունների՝ միջազգայնորեն համաձայնեցված միակ ձևաչափն են, որոնց դերը հաստատվել է հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության և հոկտեմբերի 17-ի և 25-ի հետագա հայտարարություններում։

Կարգավորման գործընթացում Թուրքիայի մասնակցության հնարավորության մասին

— Ադրբեջանի նախագահը պնդում է, որ Թուրքիան՝ Բաքվի վաղեմի դաշնակիցը, ներգրավվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում դե յուրե կամ դե ֆակտո։ Ի՞նչ եք մտածում Թուրքիային բանակցային գործընթացում ներգրավելու մասին: Արդյոք դա օգտակար կլինի՞։ Կհամաձայնի՞ արդյոք Հայաստանը Թուրքիայի մասնակցությանը բանակցություններին, եթե Անկարան պաշտոնական առաջարկ անի:

– Ոչ ոք, ներառյալ Թուրքիան, չի կարող ասել, որ գործել է որպես անկողմնակալ կամ չեզոք խաղացող Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում։ Հենց Թուրքիան էր, որ մինչ Ադրբեջանն իր կարծիքն արտահայտեց այդ կապակցությամբ, մերժեց հոկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից առաջադրված մարտական գործողությունների անհապաղ դադարեցման կոչը։ Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի վրա իր ազդեցությունը պրոյեկտելու հնարավորություն։ Հակամարտության օգտագործման և իր իշխանությունը տարածելու համար տարածաշրջանի ժողովուրդներին մարդկային մեծ տառապանքներ պատճառելու նման քաղաքականությանը պետք է դիմակայել, այլ ոչ թե խրախուսել։

ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման մասին

— Հակամարտության խաղաղ կարգավորման առաջին փուլը, որն առաջարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, ենթադրում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հնարավոր տեղակայումը՝ հրադադարի կայուն ռեժիմի ապահովման համար: Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը քննարկել խաղաղապահներ տեղակայելու հարցը։ Եթե այո, ապա ի՞նչ պայմաններով։ Կա՞ արդյոք սկզբունքային դիրքորոշում, թե որ երկրներից կարող են դրանք լինել։

– Խաղաղության պահպանման գործողությունը միշտ էլ եղել է հիմնարար սկզբունքների մի մասը և, հետևաբար, հակամարտությունների կարգավորման կարևոր բաղադրիչը։ Այս փուլում դժվար է առաջարկել խաղաղապահ գործողության հետ կապված պահանջների սպառիչ ցանկը։ Բայց ինչ կարելի է ընդգծել հենց սկզբից՝ ցանկացած խաղաղապահ մեխանիզմ չի կարող ներառել նրանց, ովքեր խոսքով և գործով ոչ թե չեզոք են, այլ հակամարտության կողմ են։

Թարգմանությունը՝ Կարեն Հարությունյանի

Մեկնաբանել