Բերձորից մինչև Արաքսի ափ եղել են մարտական գործողություններ․ Արծրուն Հովհաննիսյան

Հոկտեմբերի 29-ին մարտական գործողությունները մի փոքր պակաս ինտենսիվությամբ, սակայն շարունակվել են։ «Բերձորից մինչև Արաքսի ափ եղել են մարտական գործողություններ, մենք որոշակիորեն բարելավել ենք մեր դիրքերը»,- Միասնական տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Մարտունու ու Ասկերանի շրջանի գյուղերում շարունակվել են ներթափանցած դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները։ «Դրանք ընթացել են Ավետարանոց, Սղնախ գյուղերի ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանն ու հավելեց՝ դիվերսիաների դեմ պայքարն առանձին մարտավարություն է պահանջում։ Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ Արցախի տարբեր բնակավայրերի ուղղությամբ շարունակվել են հրթիռահրետանային հարվածները։

Մեկնաբանելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը և մարտակոչը, որ հակառակորդը գտնվում է Շուշիից 5 կիլոմետր հեռավորության վրա, Հովհաննիսյանը պարզաբանեց՝ միգուցե ոչ թե հեռավորությունը 5, այլ 7 կիլոմետր է. «Արցախի նախագահը ըստ էության մարտակոչ է հնչեցրել ու դա նորմալ է, որպես կանոն՝ ամեն օր էլ կարող են մարտակոչ հնչեցնել»,- շեշտեց նա։

Մեկնաբանել