Յոթ նոր փոխմարզպետ․ նրանք բոլորը ռազմական անցյալ ունեն

Հոկտեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Հայաստանի յոթ մարզերում նոր փոխմարզպետեր նշանակվեցին։ Ուշագրավ է, որ բոլոր այս փոխմարզպետները ռազմական գործիչներ են։ Սիվիլնեթն ուսումնասիրել է, թե ովքեր են նոր փոխմարզպետները։ 

Արարատի մարզպետի տեղակալ է նշանակվել Նորիկ Ամիրխանյանը։ Նա եղել է առաջին բանակային կորպուսի շտաբի պետը։ 

Արագածոտնի մարզպետի տեղակալ է նշանակվել Ռազմիկ Պետրոսյանը՝ Արցախյան առաջին պատերազմում «Ապարան» ջոկատի հրամանատարը։ Նա հետագայում զբաղեցրել է նաև Ապարանի քաղաքապետի պաշտոնը։ Սեպտեմբերի 27-ին Արցախի վրա ադրբեջանական ագրեսիայից հետո Պետրոսյանը մեկնել էր Արցախ։ 

Գեղարքունիքի փոխմարզպետ նշանակվել է Հենրիկ Մուրադյանը՝ Հայաստանի զինվորական նախկին կոմիսարը։ Նա ունի գեներալ-մայորի զինվորական կոչում, ՊՆ-ում զբաղեցրել է հրամանատարական այլ պաշտոններ ևս։ Մուրադյանը արցախյան առաջին պատերազմում կազմավորել ու մասնակցել է Վարդենիսի հայկական բնակավայրերի պաշտպանությունը։ 

Տավուշի փոխմարզպետ է նշանակվել Արթուր Հովակիմյանը։ Նա գնդապետ է և երկար տարիներ Իջևանի զինվորական կոմիսարն էր։ 

Սյունիքի փոխմարզպետ նշանակվել է Մելիքսեթ Պողոսյանը։ Նա Գորիսի զինվորական կոմիսարն է եղել, զինվորական կոչմամբ՝ գնդապետ։ Արցախյան առաջին պատերազմում Պողոսյանը եղել է «Մելիք Բարխուդար» ջոկատի հրամանատարը։ 

Գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ։ Ալեքսանյանը երկար ժամանակ ՊՆ-ում բարձր պաշտոններ է զբաղեցրել։ Եղել է ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, ապա ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ։ 

Վայոց ձորում փոխմարզպետ նշանակվել է Արայիկ Մուրադյանը (Մախնո): Վերջինս զբաղեցրել է Արարատի զինվորական կոմիսարի պաշտոնը։ Գնդապետ է։ Առաջին պատերազմում Մուրադյանը մասնակցել է Գորիսի, Վայքի, Սիսիանի սահմանների պաշտպանությանը։ 

Նոր փոխմարզպետների նշանակումը տեղավորվում է Հայաստանում աշխարհազորի ձևավորման օրենսդրության և նպատակների տրամաբանության մեջ։ Ըստ այդմ՝ յուրաքանչյուր մարզում ձևավորվող աշխարհազորային զորամիավորման հրամանատար պետք է դառնա փոխմարզպետը, իսկ Երևանում՝ փոխքաղաքապետը։ 

Փոխմարզպետներ դեռ չեն նշանակվել Լոռիի, Շիրակի, Կոտայքի մարզերում, իսկ Երևանի ավագանին նոր փոխքաղաքապետի նշանակման վերաբերյալ ավագանու նիստ դեռ չի հրավիրել։ 

Մկրտիչ Կարապետյան