Պեսկովն անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման հարցին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ շփումներում քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ․ այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման օգտին, Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ «ցանկացած խաղաղապահներ հակամարտության գոտի են մտցվում բացառապես երկու կողմերի համաձայնությամբ»:

Հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրա՞ստ է հակամարտության գոտի ուղարկել իր խաղաղապահներին, եթե դրան համաձայնի Ադրբեջանը, Պեսկովը պատասխանել է. «Այստեղ ես ինչ-որ իրադարձային դատողությունների մեջ չէի մտնի հիմա»:

«Նախագահը [Պուտինը] Բաքվում և Երևանում իր գործընկերների հետ շոշափում է հարցերի ամենալայն շրջանակ, որոնք կապված են հնարավոր կարգավորման հետ», – ընդգծել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության հնարավորությունը:

Երևանն ու Բաքուն՝ ԼՂ հակամարտության գոտի խաղաղապահներ մտցնելու մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Daily Telegraph թերթին տված հարցազրույցում ասել է, որ ռուս խաղաղապահների մուտքը կարող էր դառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության «օպտիմալ լուծում»:

«Ես կողմ եմ ռուս խաղաղապահներին հակամարտության գոտում տեղակայելուն», – ասել է նա՝ հավելելով, սակայն, որ խաղաղապահների տեղակայմանը պետք է համաձայնության տան հակամարտության բոլոր կողմերը։

Իր հերթին Ադրբեջանը չի ժխտում միջազգային դիտորդների կամ խաղաղապահների մուտքը Լեռնային Ղարաբաղ, սակայն առաջ է քաշում իր պայմանները։ «Սկզբունքորեն մենք չենք բացառում դա։ Սակայն, անկասկած, երբ ժամանակը գա, մենք առաջ ենք քաշելու մեր պայմանները»,- հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում, որը հինգշաբթի ցուցադրվել է AzTV-ով:

Նա նշել է, որ միջազգային դիտորդների կամ խաղաղապահ ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասն է: «Բայց սա վերջին կետն է, վերջին հարցերից մեկը, որը պետք է ուղղվի կողմերին։ Եվ, իհարկե, երկու կողմերն էլ՝ Ադրբեջանն ու Հայաստանը, պետք է համաձայնեցնեն դիտորդների կամ խաղաղապահների կազմը։ Այդ պատճառով բանակցությունների շրջանակում մենք լուրջ չենք քննարկել այդ հարցը»,- ասել է Ալիևը։