Մնացականյանը ընդգծել է վերիֆիկացիոն մեխանիզմների դերը հրադադարի հաստատման ու պահպանման գործում

Հայաստանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել հոկտեմբերի 30-ին Ժնևում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման մասին, որն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:

«Հանդիպման ընթացքում քննարկվեց ս.թ. հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ կրակի դադարեցման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Նախարար Մնացականյանն ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ միջնորդությամբ ձեռքբերված կրակի դադարեցման շուրջ համաձայնությունների անվերապահ կատարման և կայուն հրադադարի անհապաղ հաստատման անհրաժեշտությունը: Նախարար Մնացականյանը ընդգծեց վերիֆիկացիոն մեխանիզմների դերը հրադադարի հաստատման ու պահպանման գործում:

ՀՀ ԱԳՆ ղեկավարն առանձնահատուկ շեշտեց նաև Արցախի խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման անթույլատրելիությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատեցին բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացի շարունակականությունը։

Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո հայտարարություն է տարածել նաև Մինսկի խումբը։

Մեկնաբանել