Վրաստանն ընտրություններից հետո․ ինչ սպասել

Վրաստանում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցան խորհրդարանական հերթական ընտրությունները։ Նոյեմբերի 1-ին ժամը 13։00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական հանձնաժողովների արձանագրությունների 86.35 տոկոսի տվյալների հիման վրա հրատարակված տվյալների համաձայն «Վրացական երազանքը» ստացել է ձայների 48.27 տոկոսը, «Ազգային Միացյալ շարժումը»՝ 26.64 տոկոսը «Եվրոպական Վրաստանը՝ 3.78 տոկոսը, «Լելոն»՝ 3.24 տկոսը, ռուսամետ «Հայրենասերների դաշինքը» 3.17 տոկոսը։ Անցողիկ 1 տոկոս շեմը հաղթարահել են ևս չորս կուսակցություններ։ 30 մեծամասնական ընտրատարածքներից 14-ում հաղթել են «Վրացական երազանքի» թեկնածուները, ևս 14 ընտրատածքներում կանցկացվի երկրորդ փուլ։ Իշխող կուսակցության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ այս պահի արդյունքներով «Վրացական երազանքը» խորհրդարանում կունենա 76 պատգամավոր, իսկ մեծամասնական 14 ընտրատարածքներում ընտրությունների երկրորդ փուլից հետո այդ թիվը կարող է ընդհուպ հասնել 90-ի։ Միևնույն ժամանակ «Ազգային միացյալ շարժման» ներկայացուցիչները հայտարարել են ընտրություններում տեղի ունեցած զանգվածային ընտրախախտումների մասին և կոչ են արել իրենց կողմնակիցներին նոյեմբերի 1-ին ժամը 16։00-ին հավաքվել խորհրդարանի շենքի դիմաց՝ պահանջելով չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները։

Վերջին առնվազն ութ տարիների ընթացքում Վրաստանում ներքաղաքական կյանքը հիմնականում ընթանում է երկու անձանց շուրջ՝ Վրաստանի դե ֆակտո ղեկավար Բիձինա Իվանիշվիլի և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի։ 2012 թ. խորհրդարանական ընտրություններում Իվանիշվիլու գլխավորած կոալիցիան կարողացավ հաղթանակ տանել և իշխանությունից հեռացնել Սաակաշվիլու Միացյալ ազգային շարժմանը։ 2016 թ. Իվանիշվիլին հաղթանակ տարավ արդեն առանց կոալիցիայի՝ միայն «Վրացական երազանք» կուսակցության ուժերով։

2020 թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մի շարք քաղաքական ուժեր փորձեցին ստանձնել երրորդ ուժի դերակատարությունը՝ այլընտրանք ներկայանալով թե Իվանիշվիլուն և թե Սաակաշվիլուն։ Այդ ուժերից կարելի է նշել 2016 թ. վերջին Միացյալ Ազգային շարժում կուսակցությունից հեռացած ու «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը հիմնած գործիչներին և Վրաստանի առաջատար բանկերից մեկի համասեփականատեր Մամուկա Խազարաձեին իր «Լելո» շարժմամբ։ Միևնույն ժամանակ, արդեն հոկտեմբերի կեսերից Վրաստանի հասարակության ներսում նկատվող ինտենսիվ բևեռացումը վկայում էր այն մասին, որ այս անգամ ևս հիմնական պայքարն ընթանալու է «Վրացական երազանքի» և «Միացյալ ազգային շարժման» միջև, որն ընտրություններին մասնակցում էր «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքով։

Այս ընտրությունների հաջորդ կարևոր առանձնահատկությունը կայանում էր ԱՄՆ-ի ակտիվ ջանքերի, իսկ երբեմն նաև Իվանիշվիլու վրա գործադրված ուղղակի ճնշման հետևանքով էականորեն փոփոխված ընտրական համակարգում։ 2016 թ. ընտրություններն անցկացվել էին 77 համամասնական և 73 մեծամասնական ընտրակարգով, ընդ որում կուսակցությունների համար անցողիկ շեմ էր սահմանված 5 տոկոսը։ 2020 թ. մարտի 8-ին Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի ակտիվ ներգրավմամբ իշխանության և ընդդիմադիր հիմնական կուսակցությունների միջև ձեռք բերված համաձայնությամբ, որոշվեց, որ 2020 թ. ընտրություններում խորհրդարանի 150 պատգամավորական մանդատները բաշխվելու են են 120 համամասնական և 30 մեծամասնական համամասնությամբ, իսկ կուսակցությունների համար անցողիկ շեմ սահմանվեց 1 տոկոսը։

Ընդդիմությունը և ԱՄՆ-ը այս փոփոխությունները ներկայացնում էին որպես Վրաստանում լիարժեք ժողովրդավարության հաստատմանն ուղղված կարևոր քայլ։ Միևնույն ժամանակ հասկանալի է, որ նոր ընտրակարգը հնարավորություն էր տալիս շատ ավելի մեծ թվով կուսակցությունների մուտք գործել խորհրդարան, ինչը մեծացնում է Իվանիշվիլու նկատմամբ որոշակի ճնշումների և հակակշիռների ձևավորման հնարավորությունը։

Սակայն որքանով հնարավոր է դատել վրացական հասարակությունում առկա տրամադրություններից, բնակչության փոքր մասն է հակված ակտիվ փողոցային գործողությունների և ցույցերի միջոցով իշխանափոխությանը։ Մեծ է հավանականությունը, որ Բիձինա Իվանիշվիլուն կհաջովի պահպանել իր իշխանությունն առնվազն մինչև 2024 թ. և ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցության պահպանմանը զուգահեռ դրանք բալանսավորել այլ արտաքին խաղացողների, մասնավորապես Թուրքիայի և Չինաստանի հետ կապերով։

Մեկնաբանել