Հակառակորդը այսօր ևս շարունակել է կիրառել սպիտակ ֆոսֆոր․ Արծրուն Հովհաննիսյան

Նոյեմբերի 1-ի առավոտից Ադրբեջանի զինուժը ահաբեկչական ծմբավորումների հետ միասին շարունակել է հարձակողական գործողությունները հիմնականում փոքր խմբերով և օջախային հարձակումներով։ Միասնական տեղեկատվական կենտրոնում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 

«Ողջ օրվա ընթացքում որևէ նշանակալի դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են»,- նշեց նա։ Խոսելով գերեվարված երկրորդ ահաբեկչի մասին՝ Հովհաննիսյանը վստահեցրեց՝ ահաբեկիչների կիրառման հարցով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը նոր անակնկալներ են սպասվում։ Նրա փոխանցմամբ՝ հայկական զինուժը տիրապետում է վարձկան-ահաբեկիչների տեղակայման և վերջիններիս առաջ դրվող խնդիրների վերաբերյալ տեղեկությունների. «Պետք է ասել, որ նրանցով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են, որ Ադրբեջանի զինուժի ցամաքային պոտենցիալը լրջորեն վտանգված է»,- հայտարարեց ՊՆ ներկայացուցիչը։

Վերջինս նաև տեղեկացրեց, որ հակառակորդը այսօր ևս շարունակել է կիրառել սպիտակ ֆոսֆոր, որի հետևանքներն ուսումնասիրվում են։ Մեկնաբանելով առաջիկա օրերին Թուրքիայի պաշտպանության նախարարի այցն Ադրբեջան, Հովհաննիսյանը ասաց՝ Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարումը հանձնված է Թուրքիայի գլխավոր շտաբին. «Պատրաստ ենք և գիտենք, թե որ ուղղությամբ են փորձելու գործողություն իրականացնել»,-վստահեցրեց նա։ 

Մկրտիչ Կարապետյան