Մոլդովան նախագահական ընտրություններից հետո․ նոր կիզակետ  Ռուսաստան – Արևմուտք հակամարտությունում

Նոյեմբերի 1-ին Մոլդովայում անցկացվեցին հերթական նախագահական ընտրությունները։ Մինչև վերջերս Մոլդովան հետխորհրդային տարածքով զբաղվող փորձագետների և միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հազվադեպ հայտնվող պետություններից մեկն էր։ Այն հիմնականում ասոցացվում էր մերձդնեստրյան հակամարտության, համապարփակ կոռուպցիայի և աղքատության և 2014 թ. երկրի երեք բանկերից մեկ միլիարդ դոլար գումարի ապօրինի դուրս բերման գործի հետ։ Մոլդովային բնորոշ գծերից էին նաև Ռումինիայի հետ ունեցած էթնիկ ընդհանրությունները, ինչպես նաև 2014 թ. Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը։ Իրավիճակը երկրում կտրուկ փոխվեց 2019 թ. հունիսին, երբ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության համատեղ ճնշման հետևանքով Մոլդովայի փաստացի ղեկավար, պետության թիվ մեկ օլիգարխ և Մոլդովայի դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Պլախոտնյուկը հարկադրված էր ոչ միայն զիջել իշխանությունը, այլև լքել Մոլդովայի տարածքը։

Այս կապակցությամբ հարկ է ընդգծել, որ չնայած Պլախոտնյուկի անունը Մոլդովայում 1990 – ական թվականներից սկսած մշտապես առնչվել է կոռուպցիոն և այլ բնույթի քրեական հանցագործությունների հետ, 2010 – ական թվականների առաջին կեսին ԱՄՆ-ի իշխանություններն սերտորեն աջակցում էին վերջինիս ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման և Ռուսաստանի հետ Մոլդովայի հարաբերությունները սառեցնելու գործընթացում։ Այդ աջակցության օրինակներից էր 2016 թ. մայիսին կայացած Պլախոտնյուկի այցը ԱՄՆ, որի ընթացքում նա հանդիպել էր ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդի հետ։

Վերլուծաբանները տարբեր վարկածներ են առաջ քաշում 2019 թ. իշխանությունից Պլախոտնյուկին հեռացնելու ԱՄՆ – ԵՄ – Ռուսաստան համատեղ գործողության իրական պատճառների վերաբերյալ։ Առավել արժանահավատ բացատրությունների թվում է Մոլդովան որպես հետխորհրդային տարածքում փոխընդունելի պայմանավորվածությունների ձեռք բերման փորձադաշտի դիտարկումը, և հաջողության դեպքում այդ մոդելը Արևելյան գործընկերության անդամ այլ պետություններում կիրառելու հնարավորությունը։ Հարկ է ընդգծել, որ Պլախոտնյուկը շուրջ մեկ շաբաթ կատաղի դիմադրություն էր ցույց տալիս և համաձայնվեց հանձնել իշխանությունն ու հեռանալ երկրից միայն Մոլդովայում ԱՄՆ-ի դեսպան Դերեկ Հոգանի հետ ունեցած հանդիպումից հետո։ Հատկանշական է, որ Պլախոտնյուկը մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ բնակվում էր մինչև վերջերս, րնայած այն հանգամանքին, որ Մոլդովայում նրա նկատմամբ մի քանի քրեական գործեր են հարուցվել և հայտարարվել է միջազգային հետախուզում։

Պլախոտնյուկի կողմից իշխանությունը հանձնելուց հետո Մոլդովայում ձևավորվեց «տարօրինակ միություն» նախագահ Իգոր Դոդոնի գլխավորած ռուսամետ սոցիալիստական կուսակցության և արևմտամետ ACUM կոալիցիայի միջև Հարվարդի համալսարանի շրջանավարտ Մայա Սանդուի ղեկավարությամբ։ Սանդուն, որը 2016 թ. աշնանը կայացած նախագահական ընտրություններում Դոդոնի հիմնական հակառակորդն էր և պարտվել էր միայն ընտրությունների երկրորդ փուլում, զբաղեցրեց վարչապետի պաշտոնը։ Սակայն ռուսամետ և արևմտամետ ուժերի համագործակցությունը կարճ կյանք ունեցավ։ Տարբեր հարցերի, այդ թվում նոր գլխավոր դատախազի թեկնածության շուրջ առկա տարաձայնությունների պատճառով 2019 թ. նոյեմբերին խորհրդարանն անվստահություն հայտնեց Սանդուի կառավարությանը։ Մոլդովայում ձևավորվեց նոր կոալիցիա Սոցիալիստական կուսակցության և նախկինում Պլախոտնյուկի կողմից ղեկավարվող Դեմոկրատական կուսակցության միջև, որի ներկայացուցիչները պնդում էին, որ ազատվել են «օլիգարխի ժառանգությունից»։ Մոլդովայի նոր վարչապետ ընտրվեց նախագահ Դոդոնի կողմնակիցներից Իոն Կիկուն։

Նոյեմբերի 1-ին կայացած նախագահական ընտրություններում հիմնական պայքարը, ինչպես և 2016 թ., ծավալվում էր Դոդոնի և Սանդուի միջև։ Սանդուի կողմնակիցները նախքան ընտրությունները հայտարարում էին Դոդոնի կողմից ընտրությունների կեղծման փորձերի մասին՝ սպառնալով իրադարձությունների նման զարգացման դեպքում իրենց կողմնակիցներին փողոցային պայքարի մղել։ Հաշվի առնելով 2020 թ. օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո այդ պետությունում սկսված և մինչ օրս շարունակվող քաղաքական ճգնաժամը՝ շատ վերլուծաբաններ գտնում են, որ Մոլդովան ունի բոլոր շանսերը շատ մոտ ապագայում վերածվելու հետխորհրդային տարածաշրջանում Ռուսաստան – Արևմուտք հակամարտության նոր կիզակետի։ Ընտրություններից մոտ երկու շաբաթ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Նարիշկինը հրապարակային հայտարարել է, որ Արևմուտքը Մոլդովայում «նոր գունավոր հեղափոխություն է նախապատրաստում»՝ ռուսամետ նախագահ Դոդոնին իշխանությունից հեռացնելու համար։

Նոյեմբերի 2-ի առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն, ընտրություններում Մայա Սանդուն ստացել է ձայների մոտ 36 տոկոսը, իսկ Իգոր Դոդոնը՝ 32.8 տոկոսը։ Այժմ երկու թեկնածուները միմյանց հետ մրցելու են ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի է ունենալու նոյեմբերի 15-ին։ Ամենայն հավանականությամբ, նոյեմբերի 15-ից հետո Մոլդովայում ներքաղաքական ցնցումներ են սպասվում, քանի որ թե Դոդոնի, և թե Սանդուի կողմնակիցները վճռական են տրամադրված սեփական թեկնածուի հաղթանակը ապահովելու հարցում։

Մեկնաբանել