Մարտունի-Ճարտար հատվածում հակառակորդին հաջողվել է վերցնել 1-2 դիրք․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի զինուժը և նրան աջակցող վարձկան ահաբեկիչները նախորդ գիշեր հյուսիս-արևմտյան ուղղությամբ լայնածավալ հարձակումներ են սկսել, որոնք հետ են մղվել, իսկ հակառակորդի որոշ ստորաբաժանումներ մնացել են ծուղակում ու հրետանային կրակով ջախջախվել. միասնական տեղեկատվական կենտրոնում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հարձակումներ են ձեռնարկվել նաև Մարտակերտի, Մարտունու ու հարավային տարբեր ուղղություններով։ Բոլոր հարձակումները հետ են մղվել և հետապնդվել։ Մարտունիում՝ Ճարտարի ուղղությամբ հակառակորդին հաջողվել է վերցնել 1-2 դիրք»,-անցնող օրն ամփոփելով ասաց նա՝ հավելելով, որ դրանք ոչ որոշիչ դիրքեր են եղել, իսկ մարտերն այսօր ավելի սաստիկ են եղել, քան նախորդ օրերին։ Հակառակորդը հրետանային կրակ է վարել նաև Դավիթ Բեկ գյուղ ուղղությամբ։ Անդրադառնալով գերիների փոխանակության գործընթացին՝ ՊՆ ներկայացուցիչը շեշտեց՝ կա ամենօրյա աշխատանք, սակայն այդ աշխատանքը չի կարող արդյունք ունենալ, եթե մյուս կողմից չկա ցանկություն ընդառաջել մարդկային հարաբերություններին։ Ինչ վերաբերում է համաճարակային առումով հակառակորդի դիերի ստեղծած դժվարություններին, Հովհաննիսյանը ասաց՝ բազմաթիվ դիրքերում դիերը 20 օրից ավել է գտնվում են բաց երկնքի տակ, իսկ այսօր Հադրութի գյուղերից մեկում ընթացած մարտերի ժամանակ հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը թողել է 15 դի ու փախել։

Մեկնաբանել