Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի վրա արված գրառումներն առավել քան խոսուն են․ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ իրականացված վանդալիզմի ակտը, որին նախորդել են վերջին ամիսների ընթացքում Ֆրանսիայի այլ քաղաքներում հայկական հուշարձանների պղծման դեպքեր և թուրքական ծայրահեղական կազմակերպությունների կողմից ատելության հողի վրա հակահայկական զանգվածային գործողություններ։

«ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի վրա արված գրառումներն առավել քան խոսուն են, քանի որ պարունակում են Հայոց ցեղասպանության կրկնման սպառնալիք և Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեպ Թայիբ Էրդողանի փառաբանում:

Պատահական չէ, որ հայ ժողովրդի հասցեին նմանօրինակ սպառնալիքներ հնչեցվում են այն ժամանակ, երբ թուրք-ադրբեջանական ցեղասպան դաշինքը միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ փորձում է բնաջնջել Արցախի հայ բնակչությունը:

Համոզված ենք, որ ֆրանսիական իշխանությունները պատասխանատվության կկանչեն այս վանդալիզմն իրականացողներին և նրանց ետևում կանգնած ծայրահեղական ուժերին»,- ասված է նախարարության տարածած հայտարարությունում։

Մեկնաբանել