Մեղրի. Հայաստանի գեղեցկությունը և ողնաշարը

Մեղրիի շրջանը Հայաստանի ողնաշարն է: Արաքսի երկայնքով այն շուրջ 40 կմ երկարությամբ սահման ունի Իրանի հետ: Ինչպես ՀՀ-Թուրքիա, այնպես էլ ՀՀ-Իրան սահմանի երկայնքով հսկողություն իրականացնում են հայ-ռուսական սահմանապահ համատեղ ուժերը: 1995թ Արաքսի վրա՝ Ագարակ-Նորդուզ հատվածում կառուցված կամուրջը միակ ցամաքային կապն է երկու պետությունների միջև: Այստեղով է անցնում նաև Իրան-Հայաստան գազատարը:

Դեպի Մեղրի

Արևմուտքում Մեղրիի շրջանը սահմանակից է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, որը Ադրբեջանի մաս է կազմում: Նախիջևանը 1919-ին բրիտանացիների օգնությամբ միացվեց ՀՀ-ին, սակայն երկու ամիս անց թուրք-թաթարական ուժերը գրավեցին այն: Խորհրդային տարիներին Երևան-Նախիջևան-Բաքու, ինչպես նաև Երևան-Կապան երկաթուղին անցնում էր Մեղրիի ափամերձ հատվածով: Տարիներ առաջ երկաթուղին ապամոնտաժվել է: Մեղրու շրջանից ցամաքային կապը Երևանի հետ ևս իրականացվում էր Նախիջևանով: 1980-ին շահագործման հանձնվեց Մեղրի-Քաջարան ճանապարհը, որով հնարավոր եղավ Մեղրիից Երևանի հետ կապվել նաև Սյունիքի շրջանով:

Արևելքում Մեղրիի շրջանը սահմանակից էր Արցախի Քաշաթաղի հարավային հատվածին: Սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների հետևանքով, այս պահին Մեղրիի շրջանը կորցրել է կապը Քաշաթաղի, մասնավորապես Արաքսի ափամերձ հատվածի հետ:

Լքված երկաթուղային կայարանը

Մեղրիի շրջանը 1831-ի հաշվառման տվյալներով ունեցել է 1 637 բնակչություն, որից 1 031-ը՝ հայ, 606-ը՝ իսլամ: Իսլամների մեջ եղել է երեք խումբ՝ թաթեր, թաթարներ և պարսիկներ: Այսպես, ամենամեծ բնակավայրը եղել է Նյուվադին, այսօրվա Նռնաձորը՝ 291 հոգի, բոլորը՝ թաթ:

Թաթերը պարսկալեզու ժողովուրդ են, որոնք այսօր բնակվում են Ադրբեջանում: Խորհրդային տարիներին Հայաստանի թաթաբնակ և քրդաբնակ բազմաթիվ գյուղեր մարդահամարների ընթացքում գրվեցին թուրք, հետո՝ ադրբեջանցի, կորցնելով նաև ինքնությունը: 1922 թվականին Խորհրդային Հայաստանում եղել է 16 պարսկական, այդ թվում՝ թաթական գյուղ, որոնք հետագայում դարձել են ադրբեջանական:

Խորհրդային տարիներին Մեղրիի շրջանը ձևավորվել է 1930 թվականին: Քանի որ շրջանի տարածքը գերազանցապես բարձրլեռնային է և քարքարոտ, այս շրջանում բնակչության քանակը միշտ փոքր է եղել: Խորհրդային Միության վերջին տարիներին բնակչության թիվը 15 հազարի սահմաններում էր, որոնք հիմնականում կենտրոնացված էին երկու քաղաքներում՝ Մեղրի և Ագարակ, ինչպես նաև 10-ից ավելի գյուղերում:

Այսօր Մեղրիի շրջանը միավորված է մեկ բազմաբնակավայր համայնքի մեջ, որը կազմավորվել է 2016թ: Այն ընգդրկում է Մեղրի և Ագարակ քաղաքային, ինչպես նաև, Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր և Տաշտուն գյուղական բնակավայրերը։

Հաշվառված բնակչությունը, ըստ բնակավայրերի, ունի հետևյալ պատկերը. Մեղրի՝ 4 601 բնակիչ, Ագարակ՝ 4 729, Կարճևան՝ 270, Շվանիձոր՝ 339, Վահրավար՝ 35, Գուդեմնիս՝ 36, Լիճք՝ 147, Տաշտուն՝ 116, Լեհվազ՝ 627, Ալվանք՝ 289, Վարդանիձոր՝ 152, Նռնաձոր՝ 151, Թխկուտ՝ 67, Կուրիս՝ 53, Այգեձոր՝ 2 հոգի։

Համայնքի կենտրոնը Մեղրին է:

Տեքստը և լուսանկարները՝ Թաթուլ Հակոբյանի

Մեկնաբանել