Կոռնիձորը կանգնած է Արցախում, կանգնած է սեփական հողի վրա

Վաթսունն անց տղամարդը նոյեմբերի 3-ի վաղ առավոտյան ինձ դիմավորեց խրամատում: Նա երրորդ անգամ է մասնակցում պատերազմին: 1991-1994 թթ․ կռվել է մոտ երկուսուկես տարի, 2016-ի Ապրիլյանին կանգնել է Մատաղիսում, իսկ այսօր կրկին հրաժարվել է գյուղացու իր հագուստից, կրում է խակի համազգեստ, ձեռքին՝ «Կալաշնիկով»:

Նրան ու զինակից ընկերներին հարցրեցի, թե ինչ ուղերձ են փոխանցում Երևանում, Փարիզում, Լոս Անջելեսում և աշխարհի այլ վայրերում բնակվող հայերին:

«Թող գան մեզ հետ պաշտպանեն հողը: Ով չի կարողանում գալ ու կռվել, թող Հայաստանին օգնեն գումարով ու ինչով կարող են: Ով չի կարողանում դա անել, թող համախմբվի Հայաստանի շուրջ»,- հերթ չտալով ասացին նա ու ընկերները:

Կոռնիձոր գյուղը վերջին 120 տարիներին առնվազն հինգ անգամ կռիվ է տվել ադրբեջանցիների/թաթարների դեմ: Աշխարհագրությունն է նաև դրա պատճառներից մեկը:

«Կոռնիձոր» ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Արկադիա Խաչատրյանի ապրելու բանաձևը շատ կարճ է և հստակ. «Մեր պապերը կարողացել են հետ շպրտել թուրքերին, մենք մեր որդիներով ենք դա արել 1991-1994-ին և անում ենք այսօր»:

Գյուղը Արցախյան պատերազմում, որը իր ամբողջ ուժգնությամբ ու ավերով ընթացել է նաև այս կողմերում, տվել է 32 զոհ՝ մարտիկներ ու խաղաղ բնակիչներ: Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում շուրջ 1000 բնակիչ ունեցող Կոռնիձորը առաջնագծում տվել է երեք զոհ և մի քանի վիրավոր:

Կոռնիձորի պատմությունն ասում է, որ գյուղը ադրբեջանցիների դեմ պատերազմի մեջ է եղել 1905-06-ին, ապա 1918-1920-ին:

2016-ի Ապրիլյան պատերազմին ևս գյուղի տղաները եղել են առաջնագծում, ինչպես այսօր, շատ կոռնիձորցիներ կանգնած են Արցախի պաշտպանության դիրքերում:

«Թուրքը մեզ քանակով է գերազանցում միայն: Բայց անգամ այդ պայմաններում մենք կարողացել ենք կռիվ տալ ու հետ մղել»,- ասում է հրամանատարը:

Տեքստը և տեսանյութերը՝ Թաթուլ Հակոբյանի, 3-ը նոյեմբերի, 2020 թ․

Մեկնաբանել