Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ որոշակի լրամշակումներ կան, որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, քննարկումները հիմա հենց դրա մասին են։ Ռիա Նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտարարել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:
Նա ընդգծել է, որ Մոսկվան կողմ է հակամարտության քաղաքական կարգավորմանը։
«Մենք միանշանակ ելնում ենք նրանից, որ այդ հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել, լուծումը պետք է լինի քաղաքական, համապարփակ լուծում ՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը», – նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:
Նա նաև հայտնել է, որ դեռեւս վաղ է խոսել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման մասին:
«Բանակցություններ ենք վարում փորձագետների մակարդակով, առաջին հերթին Մինսկի խմբի շրջանակներում, այլ բանի մասին խոսելը վաղ է»,- հավելել է Ռուդենկոն:
Նրա խոսքով ՝ Մոսկվան, ընդհանուր առմամբ, «կնախընտրեր չշահարկել Ղարաբաղի կարգավորման հարցը»: