Պաշտոնանկություններ Արցախի նախագահի աշխատակազմում և կառավարությունում

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրերի համաձայն՝ աշխատակազմում եղել են պաշտոնանկություններ։ Մասնավորապես՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են ԱՀ նախագահի օգնական Ռուդիկ Մարտիրոսյանը, ԱՀ գլխավոր դատախազի տեղակալներ Էրիկ Վերդիյանը և Սասուն Գաբրիելյանը, վիճակագրության պետական խորհրդի անդամ Արմեն Սողոմոնյանը, ինչպես նաև վաղաժամկետ դադարեցվել են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Եղիշե Արզումանյանի լիազորությունները:

Հանրապետության նախագահը հաստատել է նաև կառավարության որոշումներ, համաձայն որոնց պաշտոնազրկվել են ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի առաջին տեղակալ Արկադի Սողոմոնյանը, քաղաքաշինության նախարարի տեղակալ Դավիթ Ավանեսյանը, կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Էրիկ Գրիգորյանը, պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Հայրապետյանը և ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի օգնական Արտակ Առստամյանը։

Ի դեպ, այս պաշտոնանկությունները հաջորդում են Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, որ Արցախը լքած պետական պաշտոնյաները կազատվեն աշխատանքից։

Մեկնաբանել