Պուտին․ Ռուսաստանն անում է իրենից կախված ամեն ինչ, որ դադարի ԼՂ-ում հակամարտությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ ռուսական կողմն անում և անելու է իրենից կախված ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է կրոնական միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Դուք գիտեք, որ Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ մեզանից կախված է, որպեսզի Հարավային Կովկասի հակամարտությունն ավարտվի հնարավորինս արագ, որպեսզի պահպանվի այն մարդկանց կյանքը, ովքեր կանգնած են միմյանց դիմաց, և, ցավոք, մինչ օրս միմյանց տեսնում են ինքնաձիգների, հրացանների նշանառության մեջ և միմյանց դեմ զենք են օգտագործում»,- ասել է նա:

Ռուսաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ հակամարտող կողմերի նպատակներին կարելի է հասնել խաղաղ բանակցային գործընթացի ընթացքում: «Համենայնդեպս, մենք կապի մեջ ենք թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի արդյունքի հասնել, ընդ որում ՝ այնպիսի հիմքի վրա, որը կբավարարի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց»,- ասել է նա՝ ընդգծելով խաղաղ միջոցներով դրան հասնելու կարևորությունը։