Այժմ ավելի լավ վիճակում ենք, քան 15 օր առաջ. Արծրուն Հովհաննիսյան

Արցախի ձորակները, անտառները, հակառակ այն մարդկանց պնդումների, թե մի ձեռքի բազկի ճանապարհ է մնացել մինչ Ստեփանակերտ, հակառակորդի համար դառնալու են դժոխք։ Արցախի տեղեկատվական շտաբում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 

Նրա խոսքով՝ նոյեմբերի 4-ին շարունակվել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները։ 

«Հարավային ուղղությամբ՝ Որոտան գետի երկայնքով կոնկրետ մի բարձունքի ուղղությամբ հակառակորդի մեկ վաշտային խումբ զրահատեխնիկայով փորձել է հարձակում իրականացնել, սակայն կորցնելով մի քանի զինտեխնիկա՝ հետ է շպրտվել»,- ներկայացրեց Հովհանիսյանը՝ շեշտելով, որ ոչ մեծ մասշտաբներով կիրառվում է օդուժ և հրետանի, սակայն երբեմն դրանց օգտագործման խտությունը բարձրանում է։ 

Բերձորի ուղղությամբ թեև չեզոքացվել են դիվերսիոն խմբերը, սակայն այդ ճանապարհը դեռևս փակ է լինելու քաղաքացիների համար՝ հաշվի առնելով բոլոր վտանգները։ 

Հովհաննիսյանի խոսքով՝ իրավիճակը 10-15 օր առաջ ավելի ծանր էր, քան այսօր, իսկ այժմ թե՛ ներուժով, թե՛ կառավարմամբ, թե՛ այլ գործոններով հայկական զինուժն ավելի լավ վիճակում է։ 

Մկրտիչ Կարապետյան