Արցախը չի կարող որևէ ապագա ունենալ Ադրբեջանի կազմում. ԱԳ նախարար

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը հայտարարել է, որ Արցախը չի կարող որէ ապագա ունենալ Ադրբեջանի կազմում:

Նրա խոսքով, Արցախի դեմ Արդրբեջանի սանձազերծած պատերազմը ավելի է ընդգծում, որ Ղարաբաղը չի կարող որևէ ապագա ունենալ Ադրբեջանի կազմում։ «Չի ունեցել և չունի։ Նման իրավիճակը կնշանակեր Արցախը առանց հայերի։ Դա չի լինի։ Դա առավել ակնհայտ է այսօր»,- ասել է ԱԳ նախարարը ԱԺ-ում 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

Նա ընդգծել է, որ օտարերկրյա գրոհայինների հայտնվելը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում կարող է լրջագույն հետևանքներ ունենալ և՛ տարածաշրջանի, և՛ դրա սահմաններից դուրս գտնվող տարածքների համար:

«Դրանք նոր իրողություններ են, որոնք նոր գերակայություններ են ձևավորել ահաբեկչության դեմ պայքարի նպատակով» – հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ չափազանց կարևոր է այսօր տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելու համար առավել համալիր և նպատակասլաց աշխատանքներ կազմակերպել:

Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանը ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձեւաչափերով քննարկում է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի համատեղ համակարգման մեխանիզմների ստեղծումը։

Մեկնաբանել