Ալիևը կոշտ պատասխանել է Լավրովին, պահանջել է պահպանել չեզոքությունը

«Եթե անկեղծ խոսենք, ցավում եմ, որ այն երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պետք է չեզոք լինեն, գործեն ԵԱՀԿ-ի կողմից իրենց տրված մանդատի հիման վրա, օգտվում են հաստատում չգտած այդ տեղեկատվությունից և ասեկոսեներից․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսպես է արձագանքել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից մոտ երկու հազար վարձկան է կռվում։

Իսպանական EFE գործակալության հետ հարցազրույցում Ալիևն ասել է, թե Ադրբեջանը վարձկաններ չունի։

«Ես այդ մասին բազմիցս խոսել եմ։ Մենք ունենք 100 հազարանոց բանակ, և եթե մենք ամբողջական մոբիլիզացիա հայտարարենք, ապա կկարողանանք դրանից մի քանի անգամ ավելի շատ հավաքել»,- ասել է նա՝ հավելելով, թե չկա ոչ մի ապացույց, որ մեր կողքին կռվում է որևէ օտարերկրյա մարտիկ։

«Ավելի քան մեկ ամսվա ընթացքում մեզ ոչ մի ապացույց, ոչ մի փաստաթուղթ, ոչ մի փաստարկ չի տրամադրվել։ Միայն հայտարարություններ։ Ուրեմն ինչու նրանք այն ժամանակ չեն տեսնում հայկական կողմում տեղի ունեցածը, քանի վարձկաններ են կռվում նրանց կողմից։ Ինչու մեզ մեղադրող Ռուսաստանը, Ֆրանսիան այդ մասին ոչինչ չեն ասել»,- ասել է նա։

«Սա խտրական մոտեցում է, որը չի կարող մեր կողմից ընդունվել, դա չի համապատասխանում համանախագահների մանդատին։ Ես բազմիցս ասել եմ՝ միջնորդները պետք է չեզոք լինեն։ Եթե նրանք ինչ-որ մեկի կողմն են կանգնում, ապա դա նրանց գործն է, բայց այդ դեպքում նրանք պետք է դուրս գան միջնորդությունից։ Յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ լավ կամ վատ վերաբերմունք ցանկացած երկրի նկատմամբ։ Մենք հասկանում ենք, որ որոշ պատճառներով որոշ երկրներ հատուկ զգացմունքներ են տածում հայերի նկատմամբ։ Եթե նրանք այդ մասին խոսում են իրենց երկրների անունից, ապա մենք դեմ չենք դրան։ Բայց եթե դուք միջնորդ եք, խնդրում եմ ձեզ, եղեք չեզոք և հեռու մնացեք մեղադրանքներից: Եթե մենք սկսենք մեղադրել նրանց, ովքեր մեղադրում են մեզ վարձկանների հետ կապված, թե ինչ են արել աշխարհի տարբեր անկյուններում, ապա դա շատ երկար խնդիր կլինի։ Մենք դա չենք անում։ Այդ պատճառով էլ գործընկերներից նույն բանն ենք ակնկալում»,- ասել է Իլհամ Ալիևը։

Ալիևը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանին զենք մատակարարելու մեջ։

«Ինչու նրանք, ովքեր համառորեն խոսում են Թուրքիայի կողմից մեզ ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին, չեն խոսում միջնորդի, Մինսկի խմբի համանախագահի, Ռուսաստանի կողմից Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու մասին։ Մենք ունենք ապացույցներ, մենք Ռուսաստանի պաշտոնյաներին տեղեկություններ ենք տրամադրել այն մասին, թե այս 40 օրվա ընթացքում Հայաստանն ինչ գումարով է ապահովված եղել զենքով։ Ինչու ոչ ոք չի խոսում այդ մասին։ Եկեք խոսենք այդ մասին, եկեք արդար լինենք»,- ասել է նա։

Մեկնաբանել