Թուրքիան տուգանում է սոցիալական ցանցերի հսկաներին նոր օրենքը չպահպանելու համար

Բրիտանական Financial Times-ը հոդված է հրապարակել Թուրքիայում սոցիալական մեդիաների սահմանափակումների մասին։ Հոդվածագիրներ Էյլա Ջին Յակլին և Հաննա Մերֆին անդրադառնում են, թե ինչպես են թիրախավորվում սոցիալական մեդիայի ընկերությունները։ 

Facebook-ը, Twitter-ը, YouTube-ը թիրախավորվել և նախազգուշացվել են հետագա տուգանքների մասին:

Թուրքիան տուգանել է Facebook-ին, Twitter-ին, YouTube-ին և սոցիալական ցանցերի այլ հսկաներին ավելի քան 1 մլն դոլարով՝ նոր օրենսդրությունը խստորեն չպահպանելու համար և նախազգուշացրել է, որ սրան կարող են հետևել այլ տուգանքներ՝ ընդհուպ մինչև այդ հարթակների արգելափակում: Քննադատները պնդում են, որ այդ պատժամիջոցները ճնշելու են այլախոհությունը մի երկրում, որտեղ ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու ակտիվիստները, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերերը բանտարկվել են իրենց ձայնը բարձրաձայնելու համար: Facebook-ն արդեն հայտարարել է, որ չի կատարելու Թուրքիայում ներկայացուցչություն ստեղծելու մասին օրենքի պահանջը։

«Facebook-ի, Instagram-ի, Twitter-ի, Periscope-ի, YouTube-ի և TikTok-ի կողմից ղեկավարվող սոցիալական ցանցերը, որոնք չեն տեղեկացրել [կառավարությանը] իրենց ներկայացուցչության մասին, տուգանվել են 10 միլիոն լիրայով (1,2 մլն դոլար)», – ասել է կապի նախարար Օմեր Ֆաթիհ Սայանը Twitter-ի իր էջում: Նա հավելել է, որ թուրքական պահանջները համապատասխանում են այլ երկրների պահանջներին։ Սայանը նշել է, որ տուգանքները առաջինն էին մի շարք քայլերից, որոնք կօգտագործվեն հարթակներին պատժելու համար, եթե նրանք հրաժարվեն ենթարկվել. դեկտեմբերին՝ 30 միլիոն լիրայի լրացուցիչ տուգանք, հունվարին՝ գովազդի արգելք, հինգ ամսվա ընթացքում 50 տոկոս թողունակության կրճատում, բարձրացնելով մինչև 90 տոկոս, ինչը, փաստորեն, դրանք դարձնում է Թուրքիայում օգտագործման համար ոչ պիտանի: Facebook-ը և Twitter-ը չորեքշաբթի հրաժարվել են մեկնաբանել:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցիալական մեդիա հարթակները անվանել է «անբարոյական» և այս տարի հայտարարել է, որ նրանք պետք է ենթարկվեն վերահսկողությանը կամ կկանգնեն ամբողջական արգելքի առաջ՝ չնայած Թուրքիայում դրանց ժողովրդականությունը և կառավարության կախվածությանը դրանցից, հատկապես Twitter-ը, իրենց իսկ հաղորդագրությունը տարածելուհամար: YouTube-ի տեսանյութերի տարածման հարթակը, որը պատկանում է Google Alphabet-ի մայր ընկերությանը, Թուրքիայում ունի 90 տոկոս ներթափանցման մակարդակ: Instagram-ը, Facebook-ը և Twitter-ը նույնպես շատ տարածված են։ 

Հարթակները դարձել են կառավարությանը քննադատելու կետեր, որը, «Լրագրողներ առանց սահմանների»- ի տվյալներով, ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում է տասը թերթերից և հեռուստաալիքներից ինը: Հունվարին Թուրքիան երեք տարվա արգելք էր դրել Wikipedia առցանց հանրագիտարանի վրա՝ Էրդողանին և նրա կառավարությանը քննադատող գրառումների պատճառով։ Տարիներ շարունակ Անկարան ժամանակ առ ժամանակ արգելափակում է Twitter-ը և ամբողջ աշխարհում առաջատարն Է Twitter-ի բովանդակության հեռացման հարցում:

Ըստ նոր օրենքի, ինչպես նաև համապատասխան պահանջին՝ տեղական գրասենյակ բացելու և բովանդակություն արգելափակելու կամ ջնջելու պահանջներին հավատարիմ մնալու, Թուրքիայում ավելի քան 1 մլն ամենօրյա օգտվող ունեցող տեխնոլոգիական ընկերությունները պետք է պահեն օգտվողների տվյալները։

«Այդ պահանջները ծանր են և լուրջ հետևանքներ կունենան Թուրքիայում մարդու իրավունքների համար»,- ասել է Բիլգի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Յաման Աքդենիզը, որը կիբեռ-իրավունքի արշավ է իրականացնում:

«Գրաքննությունը մի բան է, բայց մյուս վտանգն այն է, որ ընկերությունները կդառնան թուրքական դատական համակարգի երկար ձեռքը, որը ստիպված կլինի կատարել բոլոր որոշումները»,- հավելել է նա, «սա լակմուսի թուղթ է այդ ընկերությունների համար, և թե ինչպես են նրանք բիզնես վարում այլ երկրներում ՝ մարդու իրավունքների լուրջ խնդիրներով»։