Ադրբեջանի զինուժը փորձում է ցուցադրություն կազմակերպել, ինչը դատապարտված է անհաջողության․ Արծրուն Հովհաննիսյան

Նոյեմբերի 4-ի ողջ գիշերը Արցախում մարտերը շարունակվել են, հատկապես Շուշիի մերձակա անտառներում, ձորակներում և կարևոր հանգույցներում հակառակորդը փորձել է կոնկրետ խնդիր լուծել։ Միասնական տեղեկատվական կենտրոնում ամփոփելով օրը` ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Առավոտյան ավելի թեժ, հրետանու կիրառմամբ մարտերը շարունակվել են hյուսիսում ու կենտրոնական ուղղությամբ։ Կարմիր շուկայի ուղղությամբ փոքր գրոհող խմբերով ու հրետանային կրակով փորձել են առաջ գալ, հետ են շպրտվել։ Ինչ վերաբերում է դիվերսիոն խմբերին, վերջիններս հանդիպելով հայկական զինուժի դիմադրությանը, հետ են մղվում, օրվա մեջ հաջողվել է մի քանի խումբ օղակել ու ոչնչացնել։ Ոմանք հասցրել են փախչել, ոմանք ոչնչացվել են»,- հայտարարեց Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը հատկապես Շուշիի ուղղությամբ հակառակորդի ակտիվությունը բացատրում է այն հանգամանքով, որ նոյեմբերի 9-ին Ադրբեջանում նշվում է ազգային դրոշի օրը, և Ադրբեջանի զինուժը փորձում է ցուցադրություն կազմակերպել և ոգի բարձրացնել, ինչը, ըստ նրա, դատապարտված է անհաջողության. «Փոքր խմբերով չեն հաջողելու, որովհետև Շուշին ու հարակից բնակավայրի բնակիչները զենք են վերցրել ու պաշտպանում են իրենց բնակավայրը»։

Նա տեղեկացրեց, որ քիչ առաջ հակառակորդի ևս 30 հոգանոց մի խմբավորում ոչնչացվել է, սպանված ադրբեջանցիներն ու վարձկանները իրենց կրծքի տակ պահում են Ադրբեջանի դրոշը՝ նոյեմբերի 9-ին ընդառաջ ցուցադրություն կազմակերպելու նպատակով։ Որոշ դիվերսանտներ փորձել են նաև Շուշիի ժայռերը մագլցել. «Փորձել են մագլցել, բայց ոչնչացվել են՝ այդ ժայռերի տակ մնալով»։

Կարմիր շուկայի ուղղությամբ փորձել են նաև մատակարարումներ իրականացնել, սակայն մեծ թվով տեխնիկա է խոցվել, այդ թվում՝ անձնակազմ տեղափոխող։

Մեկնաբանել