Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Լավրովի խոսքերին «Ալիևի էմոցիոնալ արձագանքը»

Ռուսաստանի համար անհասկանալի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի էմոցիոնալ արձագանքը Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությանը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում աղբյուրը նշել է, որ Մոսկվան միշտ առավելագույնս ուշադիր է մոտեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում միջնորդի իր դերին։

«Անկեղծ ասած, մեզ այնքան էլ հասկանալի չէ հարգարժան Իլհամ Հեյդարովիչ Ալիևի էմոցիոնալ արձագանքը Սերգեյ Լավրովի մեկնաբանությանը,- ասել է ՏԱՍՍ գործակալության զրուցակիցը:- Միգուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան որևէ ուրի՞շ նյութ են ցույց տվել կամ ներկայացրել սեփական մեկնաբանությունը»։

«Մեզ, իհարկե, մտահոգում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացումը և Մերձավոր Արևելքից գրոհայինների ներգրավումը: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում»,- ասել է զրուցակիցը և հավելել, որ Ռուսաստանը բազմիցս կոչ է արել արտաքին խաղացողներին օգտագործելու իրենց հնարավորությունները և կանխելու վարձկանների տեղափոխումը, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է երկու հազարի։

«Այս թեման շոշափվել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հոկտեմբերի 27-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ կանոնավոր շփումների ժամանակ: Համառորեն շարունակում ենք տարբեր խողովակներով առաջ տանել մեր դիրքորոշումը»,- ասել է աղբյուրը։

«Ինչպես տեսնում ենք, մեկնաբանության մեջ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ որևէ այլ երկրի հասցեին կշտամբանքներ չկան,- շարունակել Է ՏԱՍՍ-ի զրուցակիցը:- Խոսքը ՌԴ-ի անմիջական հարևանությամբ Անդրկովկասի տարածաշրջանում վարձկանների հայտնվելու վերաբերյալ մեր խիստ մտահոգության մասին է։ Այդ կապակցությամբ մեր ադրբեջանցի ընկերներին կխնդրեինք ուշադիր լինել սկզբնաղբյուրներին ծանոթանալիս»։

Գործակալության զրուցակիցը նշել է, որ Մոսկվան միշտ առավելագույնս զգուշորեն է մոտեցել միջնորդի իր դերին Ռուսաստանի մերձակա երկրների համար խիստ զգայուն հակամարտությունում: «Այդ մասին նախագահ Ալիևը բազմիցս անձամբ հայտարարել է։ Վերահաստատում ենք մեր հանձնառությունը աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը: Միևնույն ժամանակ համոզված ենք, որ Անդրկովկասում վարձկանների ներթափանցումը սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Ռուսաստանի կայունությանն ու անվտանգությանը»,- ամփոփել է զրուցակիցը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում, մեկնաբանելով վարձկանների մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, ասել էր, թե «անկեղծորեն ափսոսում է, որ այն երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պետք է չեզոք լինեն, գործում են ԵԱՀԿ-ի կողմից իրենց տրամադրված մանդատի հիման վրա, օգտվում են հաստատում չգտած տեղեկատվությունից»: Ալիևն ասել էր, որ Ադրբեջանը վարձկաններ չունի, «չկա ոչ մի ապացույց, որ Ադրբեջանի կողմից մարտնչում է որևէ օտարերկրյա մարտիկ»:

Ալիևի հայտարարությունից առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Կոմերսանտին տված հարցազրույցում ասել էր, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում շուրջ երկու հազար վարձկան է կռվում։ Իսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին հայտարարել է, որ «Անդրկովկասում ահաբեկչական անկլավի ձևավորման վտանգ կա»՝ նկատի ունենալով Մերձավոր Արևելքից ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխվող գրոհայիններին։

Տե՛ս նաև՝

Լավրով․ Վարձկանների թիվը հակամարտության գոտում մոտենում է երկու հազարին

Ալիևը կոշտ է պատասխանել Լավրովին, պահանջել է պահպանել չեզոքությունը

Զախարովա․ Ջիհադիստների տեղափոխումը կարող է հանգեցնել Անդրկովկասում ահաբեկչական անկլավի առաջացման