Արցախի ճանաչումը արժեքավոր է, եթե դա անում են Մինսկի խմբի եռանախագահները կամ նրանցից մեկը

Տարիներ առաջ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը ինձ և ադրբեջանցի մի լրագրողի (անունը իրավունք չունեմ նշել, կարող եմ միայն ասել, որ նա հասցրել է խույս տալ Ալիևի վարչակարգի հետապնդումներից և տարիներ առաջ հաստատվել սկանդինավյան մի երկրում) հրավիրել էր Փարիզ՝ մեկօրյա փակ ժողովի, որին ներկա էին Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչներ, մի քանի նշանավոր փորձագետներ և ԵԱՀԿ Մինսկի խմբի այն ժամանակ գործող և միանգամից մի քանի նախկին համանախագահներ:

Ես ներկայացրեցի հակամարտության պատմության, ներկա իրավիճակի ու կարգավորման հայկական ընկալումները, իսկ ադրբեջանցին՝ ադրբեջանական տեսակետները:

Փակ քննարկումից հետո մեզ հրավիրեցին ճաշի, որին ներկա էին Մինսկի խմբի ֆրանսիացի գործող և նախկին մի քանի համանախագահները: Բոլորին ճանաչում էի անձամբ, քանի որ բազմաթիվ անգամ էի նրանց հետ շրջել Արցախում, ներկա եղել նրանց երևանյան ասուլիսներին: Հատկապես մոտ հարաբերություններ ունեի Ֆիլիպ ֆը Սյուրմենի և Բեռնար Ֆասյեի հետ:

Սեղանի շուրջ շատ բաց զրույց ծավալվեց: Անգամ մանրամասներ պատմեցին, թե ինչպես են բանակցություններ սկսելուց առաջ իրար հեգնում Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը: Ֆրանսիացի դիվանագետներից մեկն էլ պատմեց, որ Նալբանդյանն ու Մամեդյարովն անգամ գիտեին միմյանց թույլ տեղերը:

Ադրբեջանցի իմ գործընկերը, որ ավելի շատ հետազոտող էր և հաշվառում էր, թե շփման գծում ինչ է կատարվում՝ զոհեր, վիրավորներ, դիվերսիոն գործողություններ, գրեթե չէր միջամտում խոսակցությանը, քանի որ կարգավորման տարբերակներին մանրամասներին ամբողջությամբ չէր տիրապետում: Փոխարենը, լավ գիտեր շփման գիծն ու ռազմական գործը:

Խոսում էինք Մինսկի խմբի ներկայացրած բոլոր տարբերակներից, բայց ավելի շատ կանգ էինք առել Ռամբույեի, Մադրիդի, Կազանի և նորացված այլ առաջարկների վրա: Խոսակցությունը ընթանում էր համահունչ ԵԱՀԿ առաջարկների տրամաբանության հետ և մոտավորապես այսպես. միջազգային հանրությունը հասկանում է, որ Լեռնային Ղարաբաղը նախկին ԼՂԻՄ սահմաններով Լաչինով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և Բաքվում դա ընդունում են, բայց չեն կարող հրապարակավ խոսել այդ մասին: Մյուս կողմից, հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող և 1991-1994 թթ․ պատերազմի արդյունքում ազատագրված շրջանները չեն կարող լինել Լեռնային Ղարաբաղի կազմում, և Երևանում ու Ստեփանակերտում դա ընդունում են, բայց չեն կարող հրապարակավ խոսել այդ մասին:

Անշուշտ, Հայաստանի բոլոր նախագահներն են բացահայտ խոսել վեց, վեցուկես, անգամ յոթ շրջաններ վերադարձնելու մասին, սակայն, լայն հաշվով, այս պատումը, հատկապես 2000-ականներից, հայ հանրության մեջ, մեղմ ասած, չի ողջունվել:

Ֆրանսիացի դիվանագետներին հարցրեցի.

– Խոսքը երես փրկելու (face saving) մասին է, չէ՞: Դուք ասում եք, որ հայկական կողմ/երը պատրաստ է/են վերադարձնել շրջանները, ադրբեջանական կողմն ընդունում է, որ Լեռնային Ղարաբաղը Լաչինով կորցրել է, ընդունում է դա, բայց չի կարող հրապարակավ արտահայտվել, քանի որ, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի դեպքում առաջ կգա իշխանություն կորցնելու, անգամ ազգի դավաճանի պիտակին արժանանալու իրական սպառնալիք, եթե ոչ ավելին:

Գինու բաժակների հետևում նստած ու արդեն բարձր տրամադրությամբ ֆրանսիացի դիվանագետները գլխով արեցին: Ես շարունակեցի.

– Եթե այդպես է, ապա ճանաչե՛ք Լեռնային Ղարաբաղը Լաչինով և փրկեք Ալիևի դեմքը: Կարող եք անել առանձին՝ որպես ԵԱՀԿ եռանախագահող կամ միասին՝ Մինսկի խմբի համանախագահությամբ: Նա այդ դեպքում կարող է իր ժողովրդին բացատրել, թե ինչու հնարավոր չէ կռիվ տալ Վաշինգտոնի, Փարիզի, Մոսկվայի դեմ: Այսինքն, Ադրբեջանին կանգնեցրեք իրավական փաստի առաջ, որի առաջ կանգնած է դե ֆակտո՝ գետնի վրա, սկսած 1994-ի մայիսյան անժամկետ հրադադարից հետո:

Ես չգիտեմ, թե ինչքանով լուրջ ընդունեցին իմ այս առաջարկը:

Մեկ-երկու տարի անց Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայրում ինձ հանդիպման հրավիրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Երեքով էինք՝ ես, դեսպանը և ամերիկացի համանախագահը, որ ինտենսիվ հանդիպումների շարք էր ունենում և փորձում կարճ ժամանակում հասկանալ հակամարտությունն ու լուծման ճանապարհները:

Նույն առաջարկն արեցի Ուորլիքին: Ասաց՝ հետաքրքիր բան ես ասում:

Այդքանը:

Երբ Արցախի անկախությունը այս օրերին ճանաչում են տարբեր քաղաքներ, դա, անշուշտ, կարևոր է: Սակայն, լայն հաշվով, դա ադրբեջանա-թուրքական ագրեսիային դիմակայելուն չի օգնում: Եթե անգամ Հայաստանը ճանաչի Արցախը, ապա դա էլ չի օգնի: Համանախագահող երկրի կողմից ճանաչումը կամ եվրոպական մի քանի երկրների համատեղ ճանաչումը կարող է փոխել իրավիճակը:

Այո՛, Ադրբեջանը երբեք չի հաշտվի և չի ընդունի դա, ինչպես Կոսովոյի ճանաչումը դե յուրե չի ընդունում Սերբիան: Ի դեպ, սեպտեմբերի 4-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տան Օվալաձև դահլիճում, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Կոսովոյի վարչապետ Ավդուլլահ Հոթին պատմական համաձայնագիր ստորագրեցին տնտեսական հարաբերություններ հաստատելու մասին։

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարը՝ հեղինակի