Սիրիայի ևս 3 քաղաքացիներ որպես վարձկաններ ներգրավված են ռազմական գործողություններին. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության ևս 3 քաղաքացիներ որպես վարձկաններ ներգրավված են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի և Հայաստանի Հանրապետությունների դեմ իրականացվող ռազմական գործողություններին:

«Վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 6-ին որոշումներ են կայացվել Աբու Սթեֆ ալ–Հինդավիին, Ահմադ ալ-Տայեբին և Աբու Դիաբ Հալաբին ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Նույն օրը որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և միջնորդություններ ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»,- նշվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ։