Այսօր մեր հրետանին ու հետևակը հրաշքներ են գործել․ Արծրուն Հովհաննիսյանը՝ Շուշիի մարտերի մասին

Շուշիի ուղղությամբ մարտերը արդեն երկու օր է չեն դադարում, դրանք ընթանում են Շուշիի շրջակայքում և քաղաք տանող ճանապարհներին։ Միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Եթե 1992-ի մայիսի 8-ը նշվել է Շուշիի ազատագրության օր, ապա վերջին օրերը նշվելու են որպես Շուշիի պաշտպանության օր։ Հակառակորդի ոչնչացման գործողությունները հաջողությամբ շարունակվում են։ Այսօր մեր հրետանին ու հետևակը հրաշքներ են գործել, վարձկաններից ու մնացած թափթփուկներից տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիակներ են մնացել»,- հայտարարեց Հովհաննիսյանը։

Շուշիի մի ուղղությամբ հարձակման անցած Ադրբեջանի զինուժին, ըստ ՊՆ ներկայացուցչի, ջախջախել են քարինտակցիները, որից հետո ավելի հարավ և արևելք ընկած հատվածներով ու անտառային տարածքներով իրենց խմբերին օգնության եկած զրոախմբերը ևս ջախջախվել են. «Շուշին մերն է, Շուշին չի ընկնելու, ինչքան էլ որ Ալիևը բաղձա։ Հայոց բանակը կռվելու է մինչև վերջ»,- ասաց նա։

Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ Արցախի մնացյալ հատվածներում համեմատաբար ավելի թեթև գործողություններ են եղել, իսկ հակառակորդի՝ դեպի Շուշի ձգտումները զուտ դիվերսիոն բնույթի չեն. «Մարտավարական-վաշտային խմբեր են, դրանցում կան նաև դիվերսիոն խմբեր, էլիտար ստորաբաժանոմներ, թեթև և արագաշարժ զրահատեխնիկա ունեն, լավ սպառազինված են, կարող են ցերեկ թե գիշեր մարտ վարել»,- խոսելով հակառակորդի մասին՝ շեշտեց Հովհաննիսնանը ու վստահեցրեց՝ հայոց հրետանին այսօր հաղթել է հակառակորդի հրետանուն։

Մեկնաբանել