Սա գի՞ն է, թե՞ կեղեքում

Հայաստանի մայրաքաղաք Երևանից Սփյուռքի «մայրաքաղաք» Բեյրութ օդային տարածությունը ազգային փոխադրող «Արմավիայի» օդանավերը հաղթահարում են մեկուկես ժամում: «Արմավիայի» թռիչքացուցակում Բեյրութը ամենակարճ թռիչքներից է, սակայն այս օրերին՝ նաև ամենաթանկերից:

Այսօր եթե որևէ մեկը պատրաստվում է ճանապարհորդել դեպի Լիբանան, ապա պետք է Երևան-Բեյրութ-Երևան հետադարձ թռիչքի համար վճարի 266 հազար դրամ (720 ԱՄՆ դոլար) «էկոնոմ» կարգի համար և հույս ունենալ, որ «սպասողների» ցուցակում տեղ կբացվի: Հասկանալի է, որ «բիզնես» կարգը շատ ավելի թանկ է: Որպեսզի հասկանալի լինի, թե 266 հազար դրամն ինչ գին է, պետք է համեմատել այլ ուղղությունների հետ: Այսպես, Երևան-Մոսկվա-Նյու Յորք-Մոսկվա-Երևան թռիչքը, որը տևում է 25 ժամ, երբեմն կարելի է գնել մոտավորապես 266 հազար դրամով:

Օդանավի տոմսեր վաճառող մայրաքաղաքի մի քանի կետերում շրջայցից պարզվում է, որ ողջ ամառվա ընթացքում գրեթե անհնար է Բեյրութ թռչել (հետադարձով) գոնե 200 հազար դրամով (540 ԱՄՆ դոլար), որը համարվում է տվյալ ուղղության մեկնարկային գինը: Նկատենք, որ անգամ 200 հազար դրամն է չափից բարձր գին, եթե հաշվի ենք առնում, որ ժամանակին Երևան-Բեյրութ-Երևան տոմսն արժեցել է մինչև 140 հազար դրամ (380 ԱՄՆ դոլար):

Օդային փոխադրումներ իրականացնելը, հասկանալի է, բիզնես է, բայց ամեն բիզնես պիտի տրամաբանական լինի: Սեփական երկրի քաղաքացիներին կեղեքելը նույնպես պետք է տրամաբանական լինի:

Հայաստանի համար Բեյրութը միայն քաղաք չէ: Այնտեղ է գտնվում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Հայ կաթողիկե եկեղեցու նստավայրը, հայկական ավանդական կուսակցությունների կենտրոնատեղին: Բեյրութում է գտնվում Հայաստանից դուրս միակ հայկական համալսարանը՝ Հայկազյանը: Ինչ-որ իմաստով այսօրվա սփյուռքահայ գաղութների մեծ մասը ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Եվրոպայում, ձևավորվել են հենց Բեյրութից հեռացած հայության հաշվին: Անգամ այսօրվա պայմաններում՝ Բեյրութն ավելին է, քան լոկ 80 հազարանոց հայկական գաղթօջախ:

Դժբախտաբար, «Արմավիան» օգտագործելով իր մենաշնորհային դիրքը հայաստանյան շուկայում, գներ է պարտադրում Հայաստանի և Սփյուռքի հայությանը: Ժամանակին, երբ Երևանից Բեյրութ չկար ուղիղ թռիչք, հայերն օգտվում էին Հալեպի օդանավակայանից: Հալեպից մինչև Բեյրութ ցամաքային ճանապարհը չորս ժամ է: Բայց պարզվում է, որ «Արմավիան» այս հարցում էլ «հոգ» է տարել և բավականին բարձրացրել գները: Այսօր Երևան-Հալեպ-Երևան ուղղությունը 166 հազար դրամ (450 ԱՄՆ դոլար) է նախկին 120 հազարի (325 ԱՄՆ դոլար) փոխարեն: Բացի այդ, հաշվի առնելով Սիրիայի ներքաղաքական բարդ վիճակը, նախընտրելի է առժամանակ խուսափել Հայաստանի բարեկամ արաբական այս երկրի տարածքը թեկուզ տրանզիտ օգտագործելուց:

Այդուհանդերձ, եթե դուք պատրաստվում եք մեկնել Բեյրութ առաջիկա շաբաթներին և չեք ուզում մնալ «սպասողների» ցուցակի վրա և կամ ինքնակամ կեղեքվել 1.125 ԱՄՆ դոլարով կամ 416 հազար դրամով (այս պահին ազատ տոմս կա հենց այդ գնով), ապա համեմատաբար էժան տարբերակ կարող է լինել, չզարմանաք՝ «Թուրքական ավիաուղիներից» օգտվելը: Ճիշտ է, դուք ստիպված կլինեք ավելի շատ ժամանակ ծախսել և արժանանալ որոշ պաշտոնյա հայերի պարսավանքին՝ թե ինչպես կարել է օգտվել թշնամու երկրի օդային փոխադրողից, բայց այլընտրանք չկա:

Այլընտրանքը ինքնակամ կեղեքվելն է:

Մեկնաբանել