Արցախի հռչակման 20-րդ տարեդարձը

1991թ. հունվարին, ապրիլին, անգամ օգոստոսի կեսերին դժվար էր հավատալ, որ շուտով՝ սեպտեմբերի 2-ին, Արցախը հռչակելու է իր անկախությունը: Ծանր, անհուսալի թվացող, հակասական էր 1991 թվականը հայ ժողովրդի համար: Մեր աչքերի առաջ փլուզվում էր մեր կայսրությունը՝ մոլորակի մեկ վեցերորդը մասը զբաղեցնող Խորհրդային Միությունը:

1991-ի առնվազն երկու ամսաթվեր մնալու են հայոց պատմության մեջ. սեպտեմբերի 2-ը, երբ Արցախը հռչակեց իր անկախությունը, և սեպտեմբերի 21-ը, երբ Հայաստանը անցկացրեց Անկախության իր հանրաքվեն:

Երկու տասնամյակ անց, կարելի է ասել՝ ընտրվեց ճշգրիտ տարբերակը: Ճիշտ է, անցնող քսան տարիների ընթացքում աշխարհի որևէ պետություն, այդ թվում անգամ Հայաստանը, չի ճանաչել Արցախի անկախությունը, սակայն դա չի նշանակում, որ հաշվարկը եղել է սխալ: Անկախության ճանապարհը լի է բազմաթիվ խոչընդոտներով ու խութերով, մինչև միջազգային իրավական ճանաչում կարող է տասնամյակներ տևել:

Երբ 1991-ի օգոստոսին ձախողվեց հեղաշրջման փորձից հետո խորհրդային բոլոր հանրապետությունների համար արդեն դարձավ ակնհայտ, որ կայսրության դե յուրե գոյությունը շաբաթների ու ամիսների հարց է ընդամենը: Խորհրդային 15 հանրապետություններից միայն վեցը՝ բալթյան երեք երկրները, ինչպես նաև Մոլդովան, Վրաստանը և Հայաստանը, իրենց անկախությունը հռչակել էին նախքան 1991-ի օգոստոսը: Մյուս ինը հանրապետությունները, այդ թվում նաև Ադրբեջանը, անկախություն հռչակեցին միայն օգոստոսյան ձախողված հեղաշրջման փորձից հետո միայն:

Ադրբեջանի անկախության հռչակումը, որը տեղի ունեցավ 1991-ի օգոստոսի 30-ին, Արցախի ղեկավարությանը և ժողովրդին կանգնեցրին փաստի առաջ: Հայաստանը իր անկախությունը հռչակել էր մեկ տարի առաջ՝ 1990թ. օգոստոսի 23-ին՝ Խորհրդային Հայաստանի՝ շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա՝ առանց Արցախի կամ ինչպես ընդունված էր ասել՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ): 1991թ. սեպտեմբերին 21-ին, երբ տեղի ունեցավ Հայաստանի Անկախության հանրաքվեն, այն անցկացվեց 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա՝ առանց Արցախի:

Այսպիսով, 1991թ. Մոսկվայի օգոստոսյան խռովության օրերին Արցախը դե յուրե Հայաստանի մաս չէր, իսկ դե ֆակտո պատերազմի վայր էր հայերի ու ադրբեջանցիների միջև: Պատերազմի այս՝ առաջին փուլում առավելությունը ակնհայտորեն Ադրբեջանի կողմն էր: Մյուս կողմից, Արցախը հոգևարքի մեջ գտնվող Խորհրդային Միության մաս էր կազմում, Խորհրդային Միության քարտեզներում ԼՂԻՄ-ը նշվում էր Ադրբեջանի կազմում, Կրեմլի պաշտոնյաները Ստեփանակերտ այցելելու համար նախ մեկնում էին Բաքու: ճիշտ է, Արցախը որևէ կերպ չէր ընդունում Ադրբեջանի գերիշխանությունը, սակայն 1990-1991 թթ, հատկապես 1991-ի մայիս-հուլիս ամիսներին, երբ խորհրդային տանկերի ու զինվորների օգնությամբ ադրբեջանական զինված խմբավորումներն ու ոստիկանական ջոկատները ճնշում էին արցախյան դիմադրությունը, ԼՂ քաղաքական ղեկավարության ու մտավորականության մեծ մասը, տակտիկական նկատառումներով ու օրհասական թվացող իրավիճակը սթափ գնահատելով, կողմ էր արտահայտվում քաղաքական բանակցություններ վարել Բաքվի հետ՝ դա համարելով չարյաց փոքրագույնը:

1991թ. օգոստոսյան հեղաշրջման ձախողումը ուղղակի փրկություն էր Արցախի համար, որովհետև, եթե Խորհրդային Միությունը գոյատևեր ևս մեկ կամ մի քանի տարի, ապա հնարավոր է, որ Արցախը ամբողջովին հայաթափվեր: Մինչ ձախողված հեղաշրջումը խորհրդային զորքերն ու ադրբեջանական ոստիկանանկան ուժերը գրավել էին շուրջ 30 հայկական բնակավայր Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջաններում՝ բռնի տեղահանելով հազարավոր խաղաղ բնակիչների:

Արցախի քաղաքական ղեկավարությունը, բացառությամբ ՀՅԴ-ի, փորձում էր լեզու գտնել Ադրբեջանի ղեկավարության և անձամբ նախագահ Մութալիբովի հետ՝ դա համարելով ելք ստեղծված ծանրագույն վիճակից դուրս գալու համար: Եվ պատահական չէ, որ 1991-ի հուլիսի կեսերին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի նիստում որոշում ընդունվեց պատվիրակություն ուղարկել Բաքու:1991թ. հուլիսի 20-ին Բաքու մեկնած ղարաբաղյան պատվիրակությունը գլխավորում էր Արցախի այդ օրվա ղեկավար Լեոնարդ Պետրոսյանը: Պատվիրակությունը Բաքվում հանդիպեց Մութալիբովի հետ և հավաստիացրեց, որ ԼՂԻՄ մարմինները պատրաստ են բանակցություններ վարել «ԽՍՀՄ և Ադրբեջանի Սահմանադրության հենքի վրա», մասնակցել սեպտեմբերին կայանալիք Ադրբեջանի նախագահական ընտրություններին:

Օգոստոսի 19-21-ի դեպքերը շատ բան փոխեցին: Օգոստոսի 30-ին Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը: Արցախին այլ բան չէր մնում, քան նույնպես հռչակել իր անկախությունը: Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունվեց  հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը: 1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում տեղի ունեցավ անկախության հանրաքվե:

Ճիշտ է, արցախյան շարժումն սկսվել էր Միացումի գաղափարով, սակայն իրողություններն ինչ որ տեղ պարտադրեցին կատարել այլ ընտրություն, որը, տարիների հեռվից դատելով, կարելի է ասել՝ լավագույն ընտրությունն էր: Եթե Արցախը իրեն հռչակեր Հայաստանի մաս, ապա միջազգային հանրության համար դա ընկալելի չէր լինի, ավելին՝ Հայաստանը անընդհատ դիվանագիտական հարվածներ կստանար:

Վերջին քսան տարիներին աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվել են տասնյակ նոր պետություններ, որոնցից վերջինը Հարավային Սուդանն էր:

Ե՞րբ է գալու Արցախի դե յուրե ճանաչման օրը: