Նոյեմբեր 7, երեկոյան եթեր

Ի դեպ, այսօր բացվել է «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման նոր սրահը: Ազգային ժողովում շարունակվում է 2012 թ-ի պետբյուջեի նախագծի քննարկումը: Այսօր խորհրդարանում քննարկվել է առողջապահության ոլորտին հատկացվող ֆինանսավորման հարցը: Ըստ նախագծի` առողջապահությանը պետբյուջեից կտրամադրվի մոտ 66 միլիարդ դրամ, ինչն այս ոլորտին 2011թ-ին հատկացված գումարից ավել է 3 միլիարդով: Նոյեմբերի 6-ին Լոռու մարզում անցկացվել է ռոք համերգ` նվիրված Թռչկանի հատուկ կարգավիճակի շնորհմանը: Միջոցառմանը ներկա էին բնապահպան-ակտիվիստները, Երևանից ժամանած երիտասարդներ ու հյուրեր: Նրանց թվում էր նաև Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդթը, ով նշել էր, որ երիտասարդների այս հաղթանակը լավ օրինակ է, քանի որ այն ոչ թե երկրի դեմ էր այլ հանուն երկրի:

Երևանում է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Հայ լրագրողների հետ հանդիպմանը նա ժխտել է Հայաստանի նախագահի` Թբիլիսի նախատեսված այցը չեղյալ հայտարարելու մասին տարածված տեղեկությունները: Նախարարը չի կարողացել ավելի վաղ այցելել Երևան` Նոր Զելանդիա և Ավստրալիա կատարած այցերի հետևանքով: Գրիգոլ Վաշաձեն հավելել է, որ այցի ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ: Էդվարդ Նալբանդյանի հրավերով վաղը Հայաստան կժամանի Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:

Այցի ընթացքում Իրանի արտգործնախարարը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ: Մոսկվա կինոթատրոնում նոյեմբերի 8-10-ը կինոյի սիրահարները 4 օր շարունակ հնարավորություն կունենան վայելելու ճապոնական բարձրարժեք ֆիլմեր: Նոյեմբերի 10-12-ը նույն ֆիլմերը դիտելու հնարավորություն կունենան Գյումրիի կինոսերները: Բոլոր ֆիլմերի համար մուտքն ազատ է: Կազմակերպիչներն այս կերպ ցանկանում են ամրապնդել հայ ճապոնական մշակութային կապերը:

Մեկնաբանել