Նոյեմբեր 8, երեկոյան եթեր

Ճանապարհային ոստիկանության Երևանի առաջին և երկրորդ հաշվառման քննական բաժանմունքի պետերն ազատվել են պաշտոններից և գրանցվել կադրերի ռեզերվում: Վլադիմիր Գասպարյանի հրամանագրերով նոր պետեր ունեն թիվ 2 հաշվառման քննական բաժանմունքը, ոստիկանության տնտեսական և ներքին անվտանգության վարչությունները: Նոյեմբերի 8-ի հրամանով ազատվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետը: Այսօր տեղի է ունեցել Հանրային Խորհրդի 14-րդ լիագումար նիստը, որի ընթացքում քննարկվել է Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի հետագա ճակատագրի հարցը, ինչպես նաև հասարակությանը հուզող մի շարք այլ խնդիրներ:

Մանրամասները Մարիայի նյութում: Հրայր Մարուխյան հիմնադրամը մեկ այլ` Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ, այսօր ներկայացրել է «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» զեկույցը, որտեղ դիտարկված են մեր երկրի առողջապահության, բնակարանային ապահովության և զբաղվածության ոլորտների խնդիրները: Զեկույցի հեղինակները ներկայացրել են առաջարկներ և ռազմավարական ծրագրեր Հայաստանում զբաղվածության քաղաքականությունն արդյունավետ իրականացնելու համար: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մինչև տարեվերջ կայցելի Հայաստան: Այս մասին, այսօր, հայտնել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիի հետ համատեղ ասուլիսում: Նա արձանագրել է, որ Իրանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը ներկայումս կազմում է տարեկան 100 հազար, բայց հույս է հայտնել, որ շուտով այդ թիվը կանցնի մեկ միլիոնի սահմանը, երկու երկրների միջև վիզային ռեժիմը չեղյալ կհայտարարվի:

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան: Համագործակցության ծրագրերից բացի, վրաց հմայիչ նախարարուհին խոսել է Երևանից ստացած տպավորություններից: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Ռաքաա շրջանի Նուռ մզկիթում տեղի ունեցած աղոթքից հետո դիմել է սիրիացիներին՝ ասելով, որ Սիրիան այլ ելք չունի, քան հաղթելն ու իր երկրի անկախությանը սպառնացնող վտանգի չեզոքացումը։ Թուրք-սիրիական սահմանային Հաթայի շրջանում գործող «Ազատ Սիրիայի բանակ»-ի հրամանատար, գնդապետ Ռիյադ ալ Ասադն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք զենքով են պայքարելու Սիրիայի իշխանությունների դեմ։ Նրա գնահատմամբ՝ Սիրիայում բախումների հետևանքով զոհվել է շուրջ 4 հազար մարդ։ Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը սկսել է նախապատրաստվել «Եվրո-2013»-ի ընտրական առաջիկա հանդիպումներին: Նոյեմբերի 11-ին հայ երիտասարդները հյուրընկալելու են Չեխիային, իսկ նոյեմբերի 15-ին` Ուելսին:

Մեկնաբանել