Դրամին ուղղորդում են արժեզրկման

ԿԲ-ն բազմիցս հայտարարել է, որ փոխարժեքի կանխատեսմամբ չի զբաղվում: Հրապարակված հաշվետվությունում, սակայն, պետական պարտքի սթրես սցենարներից մեկում ԿԲ-ն հիմք է ընդունել, որ այս տարի դրամի միջին փոխարժեքը կկազմի Դ384/$1, գալիք տարի՝ Դ400/$1, իսկ արդեն 2013թ.՝ Դ420/$1: Հաշվետվությունից պարզ չէ, թե ԿԲ-ն ինչի հիման վրա է ակնկալում նշված փոխարժեքները:

Կառավարության «2012-2014 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում» կանխատեսված է, որ այս տարի միջին փոխարժեքը կլինի Դ357,98/$1, գալիք տարի՝ Դ369,93/$1: «Ֆինանսական կայունության հաշվետվությունում» նշված փոխարժեքները չեն համընկնում նաև Կառավարության «2011-2013 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում» նշված փոխարժեքին (2011թ. համար կանխատեսվել է Դ401,15/$1 միջին փոխարժեք) և 2012թ. բյուջեի նախագծում ընդունված Դ367,5/$1 միջին տարեկան փոխարժեքին։

Ազգային արժույթի աստիճանական արժեզրկման սցենարի ժամանակ ԿԲ-ն հիմք էր ընդունել շոկային փոխարժեք՝ 2011թ. համար Դ420,2/$1, գալիք տարվա համար՝ Դ462,22/$1, իսկ 2013թ. համար՝ Դ508,42/$1:

Եթե ԿԲ-ն Հայաստանի պետական պարտքի կայունությունը փոխարժեքային տատանումների նկատմամբ տեսականորեն էր ստուգել, ապա տնտեսավարողները և ֆինանսական շուկայի մասնակիցները կարծես որոշել են պետական պարտքի կայունությունն ստուգել գործնականում։

Ստացվում է, որ ԿԲ-ն ստրես թեստեր մշակելիս կանխատեսել է այնպիսի փոխարժեք, որը ֆինանսական շուկայի համար դարձել է դրամի հետագա արագ արժեզրկման ուղղակի ազդակ։ Այսպես՝ ԿԲ-ի կողմից հաշվետվության հրապարակումից հետո ազգային արժույթն արժեզրկվել է 10 կետով կամ 2,6%-ով։

Իրականում այն, ինչ տեղի է ունենում այս մեկ ամսվա ընթացքում, ճշգրտում է արտարժութային շուկայում, որին ԿԲ-ն այդքան էլ պատրաստ չէր։ Փոխարժեքի ճշգրտումն ավելի շատ սպեկուլյատիվ բնույթ է կրում, ինչի մասին վկայում է ԿԲ-ի վարքագիծը։ Այսպես՝ վերջին մոտ մեկ ամսվա ընթացքում ԿԲ-ն բորսայում վաճառել է $26,54 մլն կամ ֆոնդային բորսայում վաճառված դոլարի 70%-ը։

Արտարժութային շուկայում նման լայն թափով ԿԲ-ի մասնակցությունը ցույց է տալիս, որ դրամի արժեզրկման նման սցենար նախատեսված չէր դրամավարկային քաղաքականությամբ, և ԿԲ-ն փորձում է վերացնել շուկայում ձևավորված լարվածությունը:

Բորսայում դոլարի առաջարկի բացակայությունը ցույց է տալիս բանկերի զգուշավորությունը։ Բանկերը, ունենալով դոլարային իրացվելիության բարձր մակարդակ, չեն շտապում դրանից ազատվել: Նման վարքագծի հիմքում կարող է լինել հենց ԿԲ-ի կողմից դրամի արժեզրկման ազդակը:

Նաև պետք հաշվի առնել, որ սկսվում է նախաամանորյա սեզոնը, ինչը նշանակում է, որ ներկրողներին ավելի շատ դոլար է պետք: Նրանց առաջադրած պահանջարկը և բանկերի պասիվությունը դարձել է դրամի արժեզրկման պատճառ:

Մինչև Ամանոր թուլացող դրամը կարճ ժամանակահատվածում ձեռնտու է թե՛ բանկերին, թե՛ ներկրողներին: Բանկերում վարկային պորտֆելի մոտ 60%-ը բաժին է ընկնում արտարժութային վարկերին, ինչը նշանակում է, որ նրանք գրեթե ամբողջովին ապահովագրված են արտարժութային ռիսկերից։

Ներկրողների համար թուլացող դրամը նույնպես լուրջ ռիսկեր չի պարունակում, քանի որ արտարժութային ռիսկը նրանք կարող են տեղափոխել սպառողական ապրանքների վրա՝ բարձրացնելով գները։

Ակնկալվում է, որ դեկտեմբերին ԿԲ-ի և ներկրողների թելադրանքով դրամն արժևորման կարճաժամկետ վարքագիծ կդրսևորի, հակառակ դեպքում (դրամի արժեզրկման) սպառողական շուկայում կլինի գների աճ։ ԿԲ-ն կփորձի ամեն կերպ զսպել գնաճը, որը շարունակում է թիրախային ցուցանիշից (4±1,5%) դուրս գտնվել։ Հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 5,7%։ 

Վերջին մոտ մեկ ամսվա ընթացքում ԿԲ-ն բորսայում վաճառել է $26,54 մլն կամ ֆոնդային բորսայում վաճառված դոլարի 70%-ը

Մեկնաբանել