Բարելավել բիզնես միջավայրը

Այս մասին նշված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հրապարակած «Ճգնաժամը և անցումային գործընթացը մարդկանց աչքերով» (Crisis and Transition: The People’s Perspective) հետազոտության արդյունքներում: (Հետազոտության քաղաքական գնահատականները կարդացե՛ք «ԱՊՀ-ի պարադոքսը» հոդվածում):

ՎԶԵԲ-ն իր հրապարակած զեկույցում առաջարկում է այն միջոցառումները, որոնք անցումային տնտեսությունները և Արևմուտքի զարգացած երկրները կարող են կիրառել՝ մեղմելու ճգնաժամի հետևանքով շեղումները ժողովրդավարությունից և շուկայական տնտեսությունից: Զեկույցը երկիր առ երկիր վերլուծում է անցումային երկրներում իրականացվող բարեփոխումների ընթացքը 2010թ. կեսից մինչև 2011թ. երրորդ եռամսյակը:

ՎԶԵԲ-ի փորձագետներն արձանագրում են, որ հետճգնաժամային վերականգնումը Հայաստանի համար դանդաղ ընթացք է ունեցել, իսկ հանքարդյունաբերությունը և արդյունաբերությունը 2011թ. տնտեսության հիմնական շարժիչ ուժն են եղել շնորհիվ միջազգային շուկայում մետաղների բարձր գների:

Հետազոտությունում նաև նշված է, որ 2011թ. արտադրության տեմպերը կայունացել են արտահանման և դրամական փոխանցումների շնորհիվ, գյուղատնտեսությունը վերականգնվում է անցյալ տարվա երաշտից, այնինչ շինարարության ոլորտը դեռ մնում է ճգնաժամի մեջ:

Անդրադառնալով Հայաստանում 2011թ. առկա խնդիրներին՝ ՎԶԵԲ-ի մասնագետներն արձանագրել են, որ չնայած 2011թ. գարնանը սննդամթերքի և էլեկտրաէներգիայի միջազգային գների աճի հետևանքով տնտեսությունում գրանցված երկնիշ գնաճին՝ 2011թ. կեսերին ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման շնորհիվ սննդամթերքի գնային ճնշումները մեղմվել են:

Իշխանությունները շարունակում են վարել պետական բյուջեի դեֆիցիտի նվազեցման քաղաքականություն, որպեսզի կարողանան պահպանել պետական պարտքի կայուն մակարդակը: Այնուամենայնիվ, ըստ հետազոտության արդյունքների, Հայաստանի մոնոպոլացված տնտեսությունը շարունակում է մեծ կախում ունենալ արտաքին հատվածից, ինչը նրան զգայուն է դարձնում գործընկեր երկրների տնտեսություններում առկա ցնցումների նկատմամբ:

Արդյունքում արտաքին փոխանցումներից կախվածության և արտահանման ցածր դիվերսիֆիկացիայի պայմաններում Հայաստանի համար հատկապես ռիսկային է անորոշ արտաքին միջավայրը:

ՎԶԵԲ-ի փորձագետները նշում են, որ Հայաստանի իշխանություններն այս տարվա ընթացքում միջոցառումներ են ձեռնարկել բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ, այդ թվում՝ կրճատել են արտոնագրեր ստանալու համար պահանջվող թղթաբանությունը և ժամանակը (137 օրից մինչև 27 օր), ներդրել են բիզնեսի գրանցման համար մեկ պատուհանի սկզբունքը, ինչպես նաև ռիսկերի վրա հիմնված վերահսկման համակարգերի և կարգավորիչ գիլյոտինի օգտագործումը (որը վերացնում է ավելորդ կարգավորումը):

2011թ. ստեղծվել է ՓՄՁ խորհուրդը, որը քննարկում է ոլորտին առնչվող հարցերն ու ծրագրերը: Եվրամիության հետ Հայաստանի իշխանություններն աշխատում են մաքսային ընթացակարգերի վերափոխման վրա՝ թիրախավորելով կառավարման մեթոդները, դրանց հետևողական իրականացումը և արագ ձևակերպումների ապահովումը:

Զեկույցում նշվում է նաև, որ ԿԲ-ն ընթացիկ տարում վարել է տնտեսության ապադոլարիզացիայի քաղաքականություն՝ փոփոխելով բանկերի արտարժութային պահուստների նորմատիվները և վերանայելով բանկերի կապիտալում արտարժութային ակտիվների ռիսկային կշիռները, ինչպես նաև շարունակելով լողացող փոխարժեքի քաղաքականությունը:

Ամփոփելով այս տարվա արդյունքները, ըստ որոնց՝ 2011թ. կեսին 4 հազ. հարկատուներ օգտվել են գրանցման էլեկտրոնային տարբերակից (ակնկալվում է, որ մինչև 2011թ. ավարտը հարկային հաշվետվությունների լրացումը, հարկերի հաշվարկը կավտոմատացվի)՝ զեկույցն արձանագրում է, որ լայն հարկային բարեփոխումները պետությանը ավելի քիչ մուտքեր են ապահովել, քան ակնկալվում էր:

Զեկույցն ուշադրություն է դարձնում Հայաստանի իշխանությունների որդեգրած արտահանման խթանման քաղաքականությանը: Ակնկալվում է, որ Հայաստանը Եվրամիությունից կստանա €32 մլն օգնություն ԵՄ երկրների հետ առևտրի ազատականացման և Հայաստանի օրենքները ԵՄ նորմատիվներին համապատասխանեցնելու համար:

Կառավարությունը նաև կստեղծի արտահանմանն ուղղված ազատ տնտեսական գոտիներ գյուղատնտեսության, բարձրագույն տեխնոլոգիաների և առևտրի ոլորտների խրախուսման համար: Դրանցից են «Զվարթնոց» օդանավակայանի և «Մարս» գործարանի ծրագրերը: Զեկույցի հեղինակները, սակայն, նշում են, որ հարկային արտոնությունները կարող են հարկային մուտքերի նվազման լրացուցիչ պատճառ դառնալ:

2012թ. գերակայություններ

Ըստ զեկույցի՝ բիզնես միջավայրի հետագա բարելավումը Հայաստանի ամենագլխավոր գերակայությունն է 2012թ. համար: ՎԶԵԲ-ի փորձագետները Հայաստանին խորհուրդ են տալիս պաշտպանել ազատ տնտեսական մրցակցությունը, հետևողականորեն կիրառել վերջերս ընդունված օրենքները, կատարելագործել հարկային վարչարարությունը:

Ակնկալվում է, որ հավանության կարժանանա հանքարդյունաբերության նոր օրինագիծը, որը մշակվել է լավագույն միջազգային փորձի հիման վրա և որը թույլ կտա ավելացնել ներդրումներն այս ոլորտում:

Հայաստանում տրանսպորտի և հեռահաղորդակցության ներքին ենթակառուցվածքը, ըստ ՎԶԵԲ-ի մասնագետների, բարելավման և վերակառուցման կարիք ունի: Քանի որ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, շատ կարևոր է կրճատել ներքին և միջազգային տրանսպորտային ծախսերը, ներառյալ՝ օդային ուղևորափոխադրումները՝ միջազգային ավիաընկերություններին թույլ տալով մտնել ներքին շուկա:

Պետք է շարունակել քայլեր ձեռնարկել կապիտալի տեղական շուկայի զարգացման և դոլարիզացիայի մակարդակի կրճատման ուղղությամբ: Իշխանությունները ներքին տնային տնտեսությունների հաշվին պետք է ֆինանսավորեն պետական պարտքի ավելի մեծ բաժին և շարունակեն աջակցել ազգային արժույթով վարկավորման աճին:

Մոնղոլիան՝ առջևում

Ըստ զեկույցի՝ հաջողակ սկսնակ բիզնեսների (start-up) թվով Հայաստանը տարածաշրջանում գրավում է վերջին տեղը՝ 3,5% (սկսնակ բիզնեսների ընդհանուր թվից), որին նախորդում է Ադրբեջանը՝ 4%: Դիտարկվող 29 երկրներից միայն Մոնղոլիայում է հաջողակ սկսնակ բիզնեսների թիվը հասնում Արևմուտքի երկրների միջին ցուցանիշին՝ կազմելով 18%:

Միևնույն ժամանակ, Մոնղոլիան ամենաշատ ձախողված սկսնակ բիզնեսներ ունեցող երկիրն է՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ միասին, որտեղ բիզնեսի ձախողման 80%-ը պայմանավորված է կապիտալի անբավարարությամբ: Հայաստանն այս սանդղակում գրավում է 19-րդ տեղը, ընդ որում՝ կապիտալի անբավարարությունը բիզնեսում անհաջողություն ունենալու պատճառներից առաջինն է, որին հաջորդում են բյուրոկրատական քաշքշուկը և կաշառակերությունը:

ՎԶԵԲ-ի փորձագետները Ադրբեջանի համար զարգացման գերակայություններ են համարում տնտեսության դիվերսիֆիկացումը, բիզնես միջավայրի բարելավումը և մրցակցության խթանումը, ինչպես նաև ֆինանսական շուկայի բարեփոխումները:

Վրաստանի համար ՎԶԵԲ-ի կողմից առաջարկվող գերակայությունները ներառում են մասնավոր ներդրումների վերականգնումը, մունիցիպալ և այլ ենթակառուցվածքների բարելավումը, ինչպես նաև առևտրի և ներդրումների համար միջավայրի կատարելագործումը: