Ինչո՞ւ են շտապում ազգընտիրները

Սա ուշագրավ է այն առումով, որ ազգընտիրներն ըստ էության շատ քիչ ժամանակ են ունեցել կարդալու և վերլուծելու այդ փոփոխությունները: Կառավարությունը փաթեթը հավանության էր արժանացրել հոկտեմբերի 27-ին, բայց մինչև նոյեմբերի 10-ը այն անհասանելի էր։

Կառավարության շտապողականությունը հասկանալի է, քանի որ այդ հարկային փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել պետբյուջեի լրացուցիչ հարկային մուտքերի Դ101 մլրդ-ի մոտ 14%-ը:

Ըստ հարկային փոփոխությունների՝ «Ակցիզային հարկի մասին» օրենքում պետք է բարձրացվեն որոշ ալկոհոլային խմիչքների հարկադրույքները: Մասնավորապես՝ սպիրտային խմիչքների համար 50% տոկոսադրույք է սահմանվել (1 լիտրի համար Դ500-ից ոչ պակաս): Տեղական արտադրությամբ գարեջրի ակցիզային հարկը բարձրացվել է 35%-ով և հավասարեցվել ներմուծվողին (30%, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար Դ105):

Եթե տեղական արտադրանքի ակցիզային հարկադրույքների հավասարեցումը ներկրվողին պայմանավորված է Առևտրի համաշխարհային կազմակերպության, Եվրամիության և ԱՊՀ առևտրային գործընկերների առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններով, ապա ակցիզային հարկով հարկվող ապրանքների տեսականու ավելացումը պայմանավորված է լրացուցիչ հարկեր հավաքագրելու ցանկությամբ։

Ըստ նախագծի՝ ակցիզային ապրանքների շարքում ներառվել են ավտոմոբիլային յուղերը (ակցիզային հարկի դրույքաչափը՝ 10%, բայց ոչ պակաս, քան Դ400 /1 կգ) և Դ30 մլն-ից ավելի արժեք կամ երկու տարուց պակաս հնության և 4 հազ. խմ-ից ավելի շարժիչի հզորության ծավալ ունեցող ավտոմեքենաները: Եթե ավտոմեքենաների պարագայում ակցիզային հարկն ունի «շքեղության» հարկի բնույթ, ապա յուղերի հարկումն ակցիզային հարկով պարզապես լրացուցիչ մուտքերի աղբյուր է։

«Պետական տուրքի» օրենքում նախատեսվող փոփոխության արդյունքում հանքահումքի արտահանման տուրքը կազմելու է միջազգային շուկաներում մետաղների միջին գնի 3%-ը: Այս փոփոխությունը բխում է «Ընդերքի մասին» օրենքից և կոչված է կանխել հանքահումքի արտահանումն ու նպաստել դրա վերամշակմանը:

Փոփոխություններ են նախատեսված նաև եկամտահարկի և սոցվճարների մասով: Ըստ նախագծի՝ բարձր եկամուտներ ունեցող ֆիզիկական անձանց եկամուտները հարկվելու են պրոգրեսիվ դրույքաչափով: Այսինքն՝ ամսական Դ2 մլն եկամուտի դեպքում նախատեսվում է եկամտահարկը 20%-ից բարձրացնել 25%-ի: Սոցվճարների տոկոսադրույքը մինչև Դ2 մլն-ի դեպքում կլինի 3%, 2 մլն-ը գերազանցելու դեպքում՝ 8%: 

Մեկնաբանել