Իմ երաժշտությունը մասսայական արվեստ չէ

Նրա արվեստն այլընտրանքային հայացք է ավանդական ժողովրդական, դասական, հոգևոր և փոփ երաժշտությանը: Այսօր երեկոյան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալու է երգչուհու մենահամերգը, ինչի կապակցությամբ էլ «Օրակարգ»-ը զրուցել է Լիլիթ Պիպոյանի հետ:

-Վերջին անգամ հանդիսատեսը Ձեր կենդանի կատարումը ուղիղ մեկ տարի առաջ է հնարավորություն ունեցել ունկնդրել: Ինչո՞ւ այսքան հազվադեպ։

-Դա է իմ ռիթմը: Ես միայն նոր ծրագրով եմ համերգ կազմակերպում։ Չեմ սիրում մի երգով մասնակցել տարատեսակ ընդհանուր համերգների: Ինձ պարզապես հետաքրքիր է և կարևոր նոր բան ներկայացնելը: Բացի այդ՝ ես ամեն անգամ երաժիշտներին վարձատրելու խնդիր եմ ունենում:

Ես չեմ կարող ինձ թույլ տալ տոմսերը 10-15 հազարով վաճառել, միևնույն ժամանակ չեմ կարող նաև մեծ դահլիճ հավաքել՝ իմ երաժշտությունը մասսայական արվեստ չէ: Փորձեցի ակումբներում հանդես գալ, բայց դա ավելի բարդ էր, գումար վաստակելը՝ գրեթե անհնար, ու կրկին երաժիշտներին չէի կարողանում վարձատրել:

-Այս համերգի մասին կպատմե՞ք, ի՞նչ է մեզ սպասում:

-Կհնչեն իմ ամենասիրած երգերը՝ ուզում եմ հաճույք ստանալ իմ համերգից: Կմասնակցեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներ՝ ջութակահար Արամ Ասատրյանը, ալտահար Յանա Դարյանը, թավջութակահար Աննա Հարությունյանը, իմ մշտական ֆլեյտահար Նելլի Մանուկյանը, շրթհարմոն կնվագի Արտակ Ներսիսյանը Crossroads խմբից։ Համերգի համար Բելգիայից Հայաստան կգա կիթառահար Տիգրան Տեր-Ստեփանյանը։ Եվս մեկ կիթառահար կնվագակցի՝ Վալերի Հարությունյանը:

-Չե՞ք փորձել միայնակ հանդես գալ, չէ՞ որ հեղինակային երգի ժանրը հենց այդպիսի ձևաչափ է ենթադրում:

-Սոլո ծրագիր ես չունեմ, նվագակցողի ունակություններս այնքան էլ բարձր չեն: Ինձ պետք են երաժիշտներ, իմ գործիքավորումները կամերային անսամբլի կատարում են ենթադրում: Բացի այդ, կարծում եմ, ձանձրալի կլինի… Ես ինձ որպես երգչուհի և կոմպոզիտոր եմ ուժեղ համարում, բայց ոչ որպես կատարող։ Այսպիսով՝ ես կախված եմ երաժիշտներից:

-Մոտ 70 հեղինակային երգեր ունեք, ժողովրդական երգերի մշակումներ, ժամանակակից բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր… Ինչպե՞ս են դրանք ծնվում, ի՞նչն է ոգեշնչում Ձեզ։

-Ստեղծագործական ընթացքն ինձ համար թմրադեղի պես մի բան է։ Այդ ընթացքում ինձ բացարձակ երջանիկ եմ զգում, և նույն զգացողությունը նորից վերապրելու ցանկությունն է ստիպում ինձ գրել: Առանց սրա պարզապես տանջվում եմ: Հեղինակային երգերը միայն ոգեշնչման պահին են ծնվում: Բայց եթե այն չկա, փախուստի տեղ ունեմ՝ ֆոլկն ինձ միշտ փրկում է:

-Տարբեր լեզուներով եք երգում, ո՞րն է, ըստ Ձեզ, ավելի երգեցիկ։

-Հայերենն ինձ համար շատ երգեցիկ է: Բարդ է կառուցվածքը, ինչ խոսք, սակայն ինչ արած՝ գեղեցիկ է: Անգլերեն ու ռուսերեն էլ եմ շատ երգել: Ամեն մեկը յուրահատուկ է: Անգլերենն իհարկե նախանձելի է, որովհետև շատ կարճ բառեր ունի, սակայն սա մտածողության խնդիր է: Եթե երգը հայերեն է ծնվում, չես կարող անգլերեն թարգմանել, կամ հակառակը՝ անգլերենով երգը թարգմանել հայերեն հիմար բան է ստացվում: Ամեն լեզուն իր հարթության վրա է, իր բնավորությունն ունի:

-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ վրդովեցնում Հայաստանում:

-Ես առհասարակ շատ եմ նեղվում, շատ բաներից: Միմյանց հանդեպ անհարգալից վերաբերմունքից եմ վրդովվում, քաղաքավարության պակասից, ուրիշի անձնական տարածությունը չհարգելուց, միմյանց չլսելուց, չհասկանալուց եմ սարսափելի նեղվում: Մեզանում մարդկանց մի տեսակ կա, որի համար այս ամենը պարզապես ընդունված ապրելակերպ է:

Իմ ասպարեզում վատն այն է, որ փոքր ենք ու քիչ: Դա ոչնչացնում է ցանկացած այլընտրանք՝ թողնելով միջինացված գորշ որակ: Տարբերությունը, գյուտը կորչում է այս հասարակությունում, որովհետև քիչ են ինքնարտահայտվելու վայրերը, համախոհները: Պահանջարկ չկա, էնտուզիաստներ չկան: Գործը սիրելը ո՞ւր մնաց: Ինչ-որ տենդենցներ են՝ պաշտոնյաներից մեկն ասում է ջազ, բոլորը ջազ են նվագում, ասում է ռոք, ռոքով են տարվում:

-Մտածե՞լ եք Հայաստանը լքելու մասին։

-Հայաստանից դուրս մի տեսակ խեղճանում եմ, չգիտեմ՝ ինչու է այդպես: Ուրիշ վայրերում ինձ լավ չեմ զգում:

-Նոր ծրագրեր, պատրաստվող ձայնագրություններ ունե՞ք:

-Արդեն պատրաստ է մի ամբողջ տարվա աշխատանքի արդյունքը՝ նոր ծրագիր, որի հիմքում էլեկտրոնային երաժշտությունն է: Փոքր-ինչ տրանսային ու մի քիչ էլ ռոք: Նոտագրված է, համակարգչային սեմփլերային ծրագրով հավաքված, պատրաստվում եմ ձայնագրել։ Չնայած երազում եմ, որ այն երբևէ նաև կենդանի հնչի: