Տարոնի փորձությունը

Երեկ Երևան քաղաքի ավագանին միաձայն քաղաքապետ է ընտրել առաջադրված միակ թեկնածուին՝ հանրապետական փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Գագիկ Բեգլարյանի հրաժարականից հետո Տարոն Մարգարյանն արդեն երկրորդ անձն է, որ դառնում է քաղաքապետ, և դա դժվար է անվանել ընտրություն: Դա ավելի շուտ նշանակում է: Երբ 2008թ. վերջին ընդունվեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը, Եվրոպայի խորհուրդը քաջալերում էր Հայաստանին, որ Երևանի քաղաքային ընտրությունները լինեն ոչ թե կուսակցական ցուցակով, այլ ինչպես արևմտյան ժողովրդավարական երկրներում՝ զուտ անհատի ընտրություն։

ԵԽ-ն պնդում էր, որ ժողովուրդն ինչպես նախագահ է ընտրում, այնպես էլ ընտրի քաղաքապետին։ Հայաստանի պարագայում դա արդարացված էր՝ հաշվի առնելով, որ Երևանում բնակվում է հանրապետության բնակչության 1/3-ից ավելին։

Այն, ինչ այսօր արվում է՝ կուսակցական մեծ ցուցակից ցանկացած մարդու քաղաքապետի պաշտոնին բերելը, բացարձակապես համահունչ չէ եվրոպական չափանիշներին և էապես սահմանափակում է քաղաքապետի՝ քաղաքը բարեփոխելու հնարավորությունները: Թերևս նաև սա էր պատճառը, որ մանր կրպակները մաքրելուց հետո Մարգարյանի նախորդը՝ Կարեն Կարապետյանը, չկարողացավ կամ չհասցրեց ազատել Աբովյան փողոցը:

Ճակատային բախումներ ենթադրող կարևոր լուծումների համար քաղաքապետն ավելի մեծ անկախություն պետք է ունենա: Հայաստանի պարագայում դա ըստ էության չաշխատեց. օրինակ՝ Երևանում գովազդային վահանակների ապամոնտաժումը բիզնես էլիտայի որոշ ներկայացուցիչների լուրջ դժգոհությունն ու հակազդեցությունն առաջացրեց Կարապետյանի նկատմամբ:

Տարոն Մարգարյանի ընտրությունը գալիս է մի պահի, երբ ժողովրդի մեջ կասկածներ կան վերջին մեկ ամսվա հրաժարականների և նշանակումների շուրջ: Հիմնական կասկածն այն է, թե արդյոք այս ընտրությունը նպատակ ունի՞ արդյունավետ լուծումներով բարելավել Երևանի բնակիչների կյանքը, թե՞ պարզապես ընտրություններից առաջ արվող տակտիկական քայլ է:

Երևանցիների վստահությունը շահելու համար Մարգարյանի առջև այսօր մի շարք մարտահրավերներ կան՝ մայրաքաղաքում տրանսպորտային երթուղիների կարգավորում, գովազդային վահանակների վերացում, աղբահանման ճիշտ կազմակերպում և քաղաքի կենտրոնական հատվածներում կրպակների ու խանութների ապամոնտաժում: Այս ամենն անմիջականորեն առնչվում է քաղաքական-տնտեսական էլիտայի շահերին:

Երեկ պատասխանելով լրագրողների հարցերին՝ Տարոն Մարգարյանն ասել է, որ ինքը զբաղվելու է նաև Աբովյան փողոցի կրպակների հարցով: «Այդ փողոցը հանձնելու ենք քաղաքացիներին»,– ասել է նա (Tert.am): Մարգարյանի գործունեության գլխավոր փորձությունը թերևս լինելու է սա:

Մեկնաբանել